Հայաստանի հետ մշտապես նախապայմանների լեզվով խոսող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անիրատեսական հայտարարությունն է արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը, Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մեկնելու ժամանակ ինքնաթիռում անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի' Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման մասին հայտարարությանը' ընդգծելով, որ դա պապի ցանկությունն է:
Փորձելով մոլորեցնել անտեղյակ մարդկանց և կոծկելով այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը մշտապես արգելակել է հենց Անկարան' Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ևս ցանկանում է բացել սահմանը: «Հայկական հարցում մշտապես Թուրքիան է քայլեր ձեռնարկում: Մյուս կողմից ձայն չի հնչում, մեր մեկնած ձեռքն անպատասխան է մնում»,- հայտարարել է արտգործնախարար Չավուշօղլուն' մոռանալով, որ հենց Հայաստանն է բազմիցս հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիայից հեռանալուց հետո օդանավում լրագրողների հետ զրույցում ցանկություն է հայտնել հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: «Հայաստան-Թուրքիա սահմանն իմ սրտում է, երանի այդ սահմանը բացվեր, շատ հրաշալի կլիներ: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում աշխարհաքաղաքական խնդիրներ կան, որոնք բարդացնում են սահմանների բացումը, սակայն աղոթում եմ այս ժողովուրդների հաշտեցման համար»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: