«Եթե մենք հասնենք մեր ուզածին, ապա եղբայրական Ադրբեջանն ու Թուրքիան կկարողանան բացել Հայաստանի հետ սահմանը»։ Այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Նրանք ասացին, որ Ռուսաստանում անցկացված վերջին եռակողմ հանդիպումը՝ երկաթուղիների և մայրուղիների բացման վերաբերյալ, օգտակար էր։ Հուսով եմ, որ մոտ ապագայում այդ նախագծերը կիրականացվեն։ Նախագծերն առավել ձեռնտու են Հայաստանին։ Տրանսպորտային միջանցքը, որը դեպի մեզ ձգվելու է Նախիջևանի տարածքով, կնպաստի նաև տարածաշրջանի առևտրատնտեսական զարգացման աճին»,- ասել է Չավուշօղլուն։ «Մյուս կողմից, եթե մենք անդրադառնում ենք սահմանների բացման հարցին, ապա յուրաքանչյուր հարցի վերաբերյալ որոշում ենք կայացնում՝ խորհրդակցելով Ադրբեջանի հետ։ Եթե սահմանների բացման հարցն օրակարգում լինի, մենք կխորհրդակցենք նաև Ադրբեջանի հետ։ Եթե մենք հասնենք մեր ուզածին, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են բացել իրենց սահմանները Հայաստանի հետ։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր, և դա, ըստ էության, վկայում է Ադրբեջանի բարի կամքի ու խաղաղության ձգտման մասին։ Նորմալ հարաբերություններ հաստատելը նաև մեր ցանկությունն է»,֊ասել է Չավուշօղլուն: