Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը լուրջ հաջողություններ է ակնկալում գյուղատնտեսության ոլորտում. նախորդ տարվանից մոտ 10 տոկոսով ավելի բերքատվություն է սպասվում 24 հազար հեկտար աշնանացան ցորենի և 21 հազար հեկտար գարնանացան գարու և այլ հացաբույսերի արտերից, կարտոֆիլի դաշտերից: Մարզպետը մարզում առաջին կիսամյակի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց մարզի զանգվածային լրատվամիջոցներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը գոհունակություն հայտնեց կիսամյակի ընդհանուր արդյունքներից՝ նշելով, որ այդ ընթացքում մարզն ավելի շատ ձեռքբերումներ է ունեցել, քան՝ ձախողումներ, որոնք հիմնականում եղել են կարկտահարությունների և պտտահողմի տեսքով՝ վնասներ պատճառելով մի շարք համայնքների տնտեսությունների: Իսկ ահա ձեռքբերումները եղել են տեսանելի, ընդգրկուն և բազմաբովանդակ, որոնք էականորեն համայնքներում արմատապես փոխում են բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը, բարելավում կյանքի որակը:
Արդեն սկսվել է անասնակերի կուտակումը, և առաջին արդյունքները գոհացնող են: Մոտ 10 տոկոսով մարզում աճել է խոշոր և մանր եղջերավորների գլխաքանակը, ինչը Ռաֆիկ Գրիգորյանը շաղկապում է Գեղարքունիքի մարզում «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» իրականացման հետ, որի շրջանակներում վերջին տարիների ընթացքում 21 համայնքներ ապահովվել են մինչև 200 միավոր տրակտորներով և գյուղգործիքներով, ստեղծել արոտների ջրարբիացման համակարգեր, որոնց շնորհիվ բարձրացել է անասունների մթերատվությունը: Այս ծրագիրը լինելու է շարունակական, որում առաջիկայում ընդգրկվելու են ևս 9 համայնքներ: Մարզում ամբողջությամբ իրականացվել են անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները, և անասնահոտերը միանգամայն առողջ վիճակում են դուրս եկել արոտ: Հուլիսի 8-ի դրությամբ մարզում անասնահամաճարակային բռնկումների դեպքեր չեն արձանագրվել: