ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Կոպենհագենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի, բոլոր վարչությունների տնօրենների և փորձագետների հետ: Արմեն Մուրադյանը ներկայացրել է Հայաստանի բնակչության առողջության բարելավման ուղղությամբ ՀՀ Նախագահի և կառավարության ծրագրերը, ինչպես նաև մատնանշել այն խնդիրները, որոնք պահանջում են համակարգված համագործակցություն և համատեղ գործողություններ: ԱՀԿ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել առաջադրված նպատակների, թիրախների և առաջնահերթությունների վերաբերյալ' հայտնելով ԱՀԿ առաքելության և կարողությունների շրջանակներում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու իրենց պատրաստակամությունը:

 

Հանդիպման մասնակիցներն Արմեն Մուրադյանին մանրամասն ներկայացրել են հանրային առողջության բոլոր ուղղություններով ԱՀԿ քաղաքականությունը, ռազմավարությունները, գործողություններն ու կարողությունները: ԱՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրերի շրջանակներում Հայաստանի ձեռքբերումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի առջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն գործող 2014- 2015 թվականների երկամյա համաձայնագրի շրջանակում: