ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի նախկին պետ Կամիսար Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նա հեռավոր ազգական Արսեն Պ.-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու կեղծ խոստումով նրան շահագրգռել, վերջինիս դրդել է, իբրև, կաշառք առանձնապես խոշոր չափերով' 7000 ԱՄՆ դոլար, տալ հիշյալ պաշտոնին նշանակվելու համար, սակայն Կ. Պողոսյանը ստանալով խոշոր չափերով վերը նշված գումարը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է:
Բացի այդ, Կամիսար Պողոսյանը իր բնակարանում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են բնակարանում կատարված խուզարկությամբ:
Կամիսար Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նրա նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: