ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հուլիսի 8-ի զեկույցում նշվել է, որ մեծ թվով սիրիացի փախստականներ դառնում են աղքատության, շահագործման և սեռական ոտնձգությունների զոհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը Ժնևում ներկայացրած զեկույցում պարզաբանել է, որ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում սիրիացի փախստականների յուրաքանչյուր չորրորդ ընտանիքի գլուխ կանգնած է կինը, ինչը նշանակում է, որ մոտ 145 հազար կանայք այդ պետություններում հայտնվում են ծանր իրավիճակներում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը նշել է, որ այս կանայք պատերազմում կորցրել են իրենց ամուսիններին և որդիներին, փախուստի են դիմել Սիրիայից՝ փորձելով այս կերպ խուսափել աղքատությունից և տարբեր սպառնալիքներից:

 

2011թ.-ից մինչև այժմ Սիրիայից փախուստի է դիմել ավելի քան 2,8 միլիոն քաղաքացի: Փախստականների թիվը ամեն ամիս ավելանում է մոտ 100 հազարով: Մտավախություն կա, որ մինչև 2014թ.-ի վերջը փախստականների թիվը կարող է հասնել մոտ 4 միլիոնի: