Oգոստոսի 3-ին, Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ կատարված ոճրագործության վերաբերյալ խոսելիս պետք է նշեմ, որ 21-րդ դարում թվում էր, որ մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, բայց ԻԼԻՊ-ի վայրագությունները տեսնելով համոզվեցինք, որ ունենք բոլորովին այլ պատկեր: Ցավալի է, որ եզդիների ցեղասպանության և եզդիների ստրկավաճառության դեմ այսօր չենք կարողանում լիարժեք պայքարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը:
Վերջինիս խոսքով՝ այս պահին շուրջ 4000 եզդի կին և աղջիկ ենթարկվում է ստրկավաճառության, սեռական շահագործման, իսկ 300 հազար եզդի դարձել է փախստական: «Սրան ավելանում են նաև լեռներում և ժայռերում պատսպարված եզդիները, որոնց մասին թիվ կամ վիճակագրություն չունենք, ուստի 2014 թ. եզդի ժողովրդի նկատմամբ կատարվածը դասական ցեղասպանություն է»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ եզդիների ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ինչպիսի՞ իրավական գործընթացներ կան, Ռուստամ Մախմուդյանը պատասխանեց. «Ցավալի է, որ ՄԱԿ-ի կոնվեցիայից բացի այս պահին որևէ խոշոր գերտերություն պետական մակարդակով իրավական գործընթաց չի սկսել, անգամ չկա որևէ փաստաթուղթ, սակայն պետք է նշեմ, որ եզդիների հետ կատարվածը ցեղասպանություն որակելու կոչեր հնչում են Գերմանիայի, ԱՄՆ-ի կառավարություններում: Հայաստանը նույնպես աշնանը սկսելու է գործընթաց՝ կատարվածը ցեղասպանություն ճանաչելու մասին»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որքան էլ այսօր Իրաքի հյուսիսում շարունակում են ապրել եզդիները, սակայն, որևէ մեկը չի կարոող ասել, որ նրանց կյանքն այնտեղ անվտանգ է. «Եզդները շարունակում են մահապարտի նման ապրել, արարել՝ ամեն վայրկյան իրենց վրա զգալով իսլամական պետության ոճրագործության վտանգը, քանի որ ԻԼԻՊ-ը շարունակում է ցեղասպանել իրենց»: