Ալմա Աթիի բնակչուհի Ժանար Բորանբաևան քաղաքի կենտրոնական մզկիթի իմամներին մեղադրել է կանանց սեռական շահագործման մեջ: «Lenta.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «31 канал»-ը:
Ըստ Բորանբաևայի՝ ինքը մի քանի տարի սովորել է մզկիթի նկուղում գտնվող հոգևոր դպրոցում և սաների նկատմամբ հոգևորականների վերաբերմունքի ականատես դարձել:
«Իմամները մեզ ասում էին, որ կանայք ստրուկներ են և պետք է լիովին ենթարկվեն տղամարդկանց: Նրանց մոտ գործում են իրենց օրենքները, մեկը կարող է մի քանի կին ունենալ: Եթե կինը ձանձրացնի, իմամը բաժանվելու առիթ կգտնի: Կնոջը սփոփելու է գալիս մի այլ իմամ, և պատնմությունը կրկնվում է», - պատմում է Ժանարը:
Փաստորեն, ըստ կնոջ, հոգևոր դպրոցի աշակերտուհիներին օգտագործում են որպես «անվճար մարմնավաճառներ»:
Մզկիթում բոլոր մեղադրանքները հերքում են: Այնտեղ հայտարարում են, թե Ժանար Բորանբաևան հոգևոր դպրոցի աշակերտուհիների ցուցակում ընդհանրապես չի եղել, և նա «պարզապես գալիս էր և նամազ կարդում»:
Հեռուստաալիքը նկատում է, որ լրագրողներին երկու տարի առաջ նմանատիպ մի պատմություն պատմել է Այշա անունով երիտասարդ կինը, թեև այն ժամանակ, խոսքը այլ հոգևոր դպրոցների իմամների մասին էր:
Իրավապահ մարմինների արձագանքն առայժմ հայտնի չէ: