Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր' հուլիսի 10-ի առավոտյան, հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը:

 

Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ ‚ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

Անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:

 

Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները: