Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ խորհրդարանում իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լեհ պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հաշվի առնելով ադրբեջանական շարունակական հարձակումները, այդ թվում՝ քաղաքացիական խմբերի վրա, որտեղ նաև փոքր լեհական համայնք է ապրում, որպես արտասահմանում բնակվող լեհերի հետ կապի հարցերով հանձնաժողովի անդամ, պարտավորվում եմ նվիրաբերել խորհրդարանում իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, որոնք կհասնեն մարտերի գոտում գտնվող կարիքավոր մարդկանց»,- գրել է լեհ պատգամավորը: