Հայ-թուրքական հարաբերությունների եւ Թուրքիայի կողմից արդեն երկու տասնամյակ շրջափակման մեջ պահելու հարցը ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին լռությամբ շրջանցեց' չպատասխանելով հարցին, թե հարեւան պետության սահմանի շրջափակումը որքանով է մտնում այն սկզբունքների մեջ, որով առաջնորդվում է դաշինքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հուլիսի 10-ին, Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Աֆենտուլին ասաց, որ դաշինքն իր հարաբերությունները կառուցում է՝ յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններից ելնելով։
«Համապատասխանաբար, յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում ինտեգրման աստիճանն ու հարաբերությունների մակարդակը։ Դաշինքը հարգում է բոլոր երկրներին, նրանց տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։ Ընդ որում՝ դաշնակից երկրները ընդհանրապես պարտավոր չեն ենթարկեցնել իրենց որոշումները ՆԱՏՕ-ի կարծիքին։ Միաժամանակ այդ երկրների արտաքին քաղաքականությունը չպետք է հակասի ՆԱՏՕ-ի ընդհանուր սկզբունքներին»,- ասաց նա:
Հարցին՝ հարեւան երկրների սահմանների շրջափակումը, ինչպես նաեւ այն, որ Թուրքիան օգնում է Հայաստանի դեմ նոր պատերազմի պատրաստվող Ադրբեջանին, բխո՞ւմ է արդյոք ՆԱՏՕ-ի սկզբունքներից, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն նման հաշվարկներ չունի։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն տեղյակ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների մասին եւ նախկինում նպաստել է հարաբերությունների կարգավորման ուղիների որոնման փորձերին:
1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին հանձնումն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որ դեգրած դիրքորոշման պատճառով: