ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հավաստիացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ԱՄՆ-ի կողմից հետագա աջակցությունը շարունակելու մասին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել Դոնբասի ենթակառուցվածքի վերականգնման ֆինանսավորման հնարավորությունը և Սլավյանսկի և Կրամատորսկի բնակչությանն օգնություն ցուցաբերելու Գերմանիայի նախաձեռնությունը»,- ասել է Բայդենը:
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ջանքեր գործադրել՝ Ուկրաինայի միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունն ընդլայնելու համար:
Պորոշենկոն նշել է, որ այսօր Ուկրաինայի իշխանությունը զգալի ուշադրություն է դարձնում ազատագրված քաղաքներում կենսապայմանների պատշաճ վերականգնմանը, մասնավորապես՝ ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումն ապահովելուն: