Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած խաղաղության վեց կետերի վերաբերյալ հարցին չպատասխանեց' հավելելով, որ մեկնաբանությունների համար պետք է դիմել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին: «Բանակցային գործընթացի բեղմնավոր լինելու համար գաղտնիություն սկզբունքը պետք է պահպանվի: Ես որպես Ֆրանսիայի դեսպան, մի երկրի դեսպան, որը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ձեռնպահ եմ մնում, որևիցե մեկնաբանություն տալուց այդ հարցին:

 

Այս խնդրի կարևոր առաքելություն իրականացնող թիվ մեկ պաշտոնյան Ֆրանսիացի համանախագահն է և մեկնաբանություն տալը համանախագահի իրավասությունն է, այլ ոչ դեսպանի»,- ասաց Ռենոն' պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին' արդյոք Ջեյմս Ուորլիքի ներկայացրած Խաղաղության վեց կետերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների տեսակետն է, թե միայն Ուորլիքի:

 

Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ունեցած ելույթում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է Խաղաղության վեց կետ, որոնցից մեկով առաջարկում էր ԼՂՀ յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին: Ավելի ուշ, նման հայտարարություն էր արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ շեշտելով, որ Ղարաբաղի համար ավելի լավ կլինի, որպեսզի յոթ տարածքները հանձնվեն Ադրբեջանին:

 

Այս հայտարարություններին ի պատասխան՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ին ներկայացրել էր պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը' համաձայն որի, վերադարձը նախկին սահմաններին և կարգավիճակին ընդունելի չէ ԼՂՀ ժողովրդի համար: