Ֆրանսիան չի կարող զենք կամ սպառազինության վաճառել Ադրբեջանին: Հավաստիացումը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյինն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն Անրի Ռենոն ասաց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, որ Ֆրանսիան զենք է վաճառել Ադրբեջանին և համոզված է, որ նման բան չի լինի: Չունեմ նման տեղեկատվություն, իսկ պատճառն այն է, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, չէր կարող չհարգել ու չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»,- հայտարարեց դեսպանը:
Ադրբեջանը չի պահպանում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի կետերը և տարեցտարի ավելի խոշոր չափերով է խախտում այն: Հարևան պետությունը հատկապես ձեռք է բերում մարտական տանկեր, զրահամեքենաներ և հեռահար հրանոթներ: Ադրբեջանին զենքի մատակարարման հիմնական պետություններն են Ռուսաստանը, Իսրայելն ու Ուկրաինան: 2007 թվականից Ռուսաստանի Դաշնությունը սառեցրել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործումը, որևէ խոչընդոտող հանգամանք չկա, և այդ երկիրը կարող է զենք վաճառել: