Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը սերտ է և հեռանկարային նաև կրթության ոլորտում: Փետրվարի 20-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ համագործակցության լավագույն վկայությունը երկու երկրների միջև իրականացվող մի շարք կրթական փոխանակման ծրագրերն են:
«Ֆրանսիան ցանկանում է, որ հայ երիտասարդները մեկնեն Ֆրանսիա' բուհական լավագույն հաստատություններում և բարձրագույն դպրոցներում ուսումը շարունակելու նպատակով»,- նշեց Ռենոն' հայտարարելով ֆրանսիական լավագույն բուհերում ուսումը շարունակելու ընդունելության մեկնարկի մասին:
Դեսպանը տեղեկացրեց, որ ապրիլին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կսկսի իրականացնել կրթաթոշակային ծրագիր' 2014-2015 թվականների համար:
Նրա գնահատմամբ, հայ-ֆրանսիական կրթական բարեկամության լավագույն ապացույցներից մեկը Հայաստանում ֆրանսիական համալսարանն է, որի բարձր առաջադիմություն ունցող ուսանողները հնարավորություն են ունենում ստանալ նաև Ֆրանսիայի հեղինակավոր բուհերի դիպլոմներ:
«Հայաստանի ֆրանսիական համալսարանում սովորող շուրջ 1000 ուսանողներ տասը տարվա ընթացքում արդեն ստացել են առաջատար բուհերի դիպլոմներ»,- տեղակացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ֆրանսիայում ուսում ստանալը բավականին մատչելի է: Բակալավրիատում սովորելու համար ուսանողը պետք է վճարի ընդամենը 183 եվրոն, իսկ դոկտորանտուրայում' մոտ 300 եվրո:
Դիվանագետը կարևորեց նաև այն փաստը, որ ուսումն ավարտելուց հետո շատ ուսանողներ ապահովվում են աշխատանքով ֆրանսիական տարբեր ձեռնարկություններում և կազմակերպություններում:
«Դիմում ենք Հայաստանի երիտասարդ ուսանողներին գալ և անդամագրվել' ֆրանսիական բարձրագույն ուսումնասկան հաստատություններում կրթական գործընթացը շարունակելու համար, քանի որ ֆրանսիական բուհական կրթությունը մեծ հետաքրքրություն ունեցողներից մեկն է աշխարհում»,- ընդգծեց Ռենոն:
Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը նշեց, որ թեև ֆրանսիական բուհերում ուսումնառության հիմնական լեզուն ֆրանսերենն է, սակայն ուսման նախնական փուլում բուհերի մեծ մասում ֆրանսերենի իմացությունը պարտադիր պայման չէ:
«Սակայն նրանք, ովքեր ցանկանում են դիմել ֆրանսիական բուհեր, պետք է արդեն իսկ սկսեն ուսումնասիրել ֆրանսերենը: Այս գործում ուսանողներին կարող է մեծապես օգնել «Ալիանս ֆրանսեզ» ընկերությունը»,- ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով, Ֆրանսիայի դեսպանատունը մշտապես շահագրգիռ է արտերկիր մեկնելիս' ուսանողներին հեշտությամբ տրամադրել վիզա, ինչպես նաև հայ ուսանողների համար գործում են զեղչեր:
Դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերի բաժնի աշխատակից Ալիս Լենան էլ հայտնեց, որ հայ ուսանողներին Ֆրանսիայում աջակցելու համար մի շարք ծրագրեր են իրականացվելու:
Արտասահմանյան ուսանողների թվով Ֆրանսիան աշխարհում երրորդ երկիրն է: Շուրջ 300 հազար արտասահմանցի ուսանողներ այժմ կրթություն են ստանում Ֆրանսիայի բուհական համակարգում: 2011-2012 թվականի տվյալների համաձայն, ֆրանսիական տարբեր բուհերում գրանցված են եղել շուրջ 1000 հայ ուսանողներ: