Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը Վաշինգտոնից պահանջել է տրամադրել բոլոր տվյալները հանրապետության տարածքում «լրտեսական ակտիվության» վերաբերյալ և անհապաղ դադարեցնել նման գործողությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Passauer Neue Presse թերթում հրապարակված հարցազրույցում:

 

«Ամերիկացիներն այժմ պետք է ակտիվորեն աջակցեն (իրենց դեմ) առաջադրված մեղադրանքների պարզաբանմանը»,- հայտարարել է նա: Մաասի կարծիքով՝ ԱՄՆ-ը պարտավոր է բացահայտել շահախարդախության բոլոր փաստերը, և «սրան է վերաբերում լրտեսության հնարավոր այլ դեպքերի մասին անկեղծորեն հայտարարելը, որոնց մասին մեզ ոչինչ հայտնի չէ»: «Եվ, ամենից առաջ, մեզ անհրաժեշտ է Վաշինգտոնի ամրագրված հավաստիացումն այն մասին, որ այս պրակտիկան մեկընդմիշտ կդադարեցվի»,- ընդգծել է արդարադատության նախարարը:

 

Ըստ նրա գնահատման՝ Գերմանիայում ԱՄՆ-ի լրտեսական գործունեությունը պետք է ունենա հետևանքներ, քանի որ «լրտեսումն ու բաեկամությունն անհամատեղելի են»:

 

Բեռլինում հուլիսի սկզբին ձերբակալվել է Գերմանիայի Համերկրային հետախուզական ծառայության մի աշխատակից, որը, ինչպես ենթադրվում է, գաղտնի փաստաթղթեր է հանձնել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը և դրա դիմաց ստացել 25 հազար եվրո: Ըստ տեղեկությունների՝ 31-ամյա տղամարդը Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ համագործակցության երկու տարում նրանց է հանձնել 218 գաղտնի փաստաթուղթ:

 

Հուլիսի 9-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի օգտին լրտեսության կասկածանքով կատարվում է հետաքննություն ևս մեկ մարդու նկատմամբ, որն աշխատել է պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: