Նախորդ տարվա հուլիսից ՀՀ առողջապահության նախարարության գործուղմամբ Սեւանի պոլիկլինիկայում աշխատանքի է անցել սիրիահայ բժիշկ-մաշկավեներոլոգ Վրեժ Սահակը, ով արդեն ոչ միայն մերվել է աշխատանքային միջավայրին եւ գործընկերներին, այլ նաեւ հայրենիքում վերջնականապես հաստատվելու ցանկություն է հայտնել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանը, Վրեժ Սահակը հա յրենիքում մնացել է ավելի քան 10 տարի' ուսանելով Երեւանի բժշկական համալսարանում, ուր ստացել է վիրաբույժի մասնագիտություն: Ապա նույն հաստատությունում վերամասնագիտացել է մաշկավեներոլոգիական ուղղությունում: Նա գոհ է թե աշխատանքային պայմաններից, թե իրեն շրջապատող գործընկերների եւ այցելուների վերաբերմունքից:
«Վրեժ Սահակի սպասարկումից գոհ են նրա բազմաթիվ այցելուները: Նա ցուցաբերում է մասնագիտական հմուտ եւ բարձր որակներ, եւ ընդգրկված է նաեւ Սեւանի զորակոչային բժշկական հանձնաժողովում: Բարձր են նաեւ նրա մարդկային որակները: Արմատներով բիթլիսցի եւ մշեցի ծնողների զավակ Վրեժը որոշել է մնալ հայրենիքում եւ այստեղ հաստատել իր ապագան: Մենք էլ ենք գոհ նրա աշխատանքից»,- ասաց տնօրենը:
Վրեժի ծնողները, եղբայրն ու քույրերը ապրում եւ աշխատում են Սիրիայի Քամիշլու քաղաքում, որն առայժմ խաղաղ է եւ զերծ է մնացել հակամարտությունից: Վրեժը կարծում է, որ աշխարհասփյուռ հայության միակ հայրենիքը կշենանա եւ կզարգանա միայն եւ միայն իր զավակներով: «Հայաստանն ամեն մի հայի հայրենիքն է, եւ ես որոշել եմ մնալ ու աշխատել իմ հայրենիքում:
Գոհ եմ եւ տնօրենից ու մյուս գործընկերներիցս , եւ այցելուներիս վերաբերմունքից, ընդհանուր միջավայրից, աշխատանքային արդյունքներից: Մեր սերն ու հարգանքը փոխադարձ է, հայկական միջավայրը' հոգեհարա զատ, տրամադրող»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վրեժ Սահակը:
Խոսրով Խլղաթյան