Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է իր վաղաժամկետ պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը: «Օրենքով նշանակված ընթացիկ շրջանի ընթացքում լավ աշխատելու ցանկություն կա, իսկ հետո կտեսնենք»,- հայտարարել է նա ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Մերկելի վաղաժամկետ պաշտոնաթողության մասին ավելի վաղ հաղորդել էր Spiegel հանդեսը՝ հղում անելով ԳՖՀ-ի կուսակցական ու կառավարական շրջանակների աղբյուրների: Մերկելի 60- ամյակին նվիրված հոդվածում նշվել է, որ նրա ողջ շրջապատը, ներառյալ նախարարների կաբինետի անդամները եւ Քրիստոնյա-դեմոկրատական միությունից կուսակիցները, համոզված
է, որ Մերկելը կամավոր կթողնի կանցլերի պաշտոնը: Ինչպես գրել է Spiegel-ը, այժմ Մերկելը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից, գտնվում է քաղաքական կարիերայի բարձրակետին: Նրա ղեկավարությամբ Գերմանիան հաջողությամբ վերապրել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և դրան հաջորդած եվրոգոտու պարտքային ճգնաժամը:

 

Վաղաժամկետ պաշտոնաթողության օգնությամբ Մերկելը, ըստ հրատարակության տեղեկատվության, հույս ունի խուսափել իր նախորդների՝ կանցլերներ Կոնրադ Ադենաուերի և Հելմուտ Կոլի ճակատագիրը կրկնելուց: Նրանցից առաջինն այդ պաշտոնը լքել է ներկուսակցական հակամարտության արդյունքում, իսկ երկրորդը ընտրություններում կրած պարտության հետեւանքով: