Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Մալիում «Սերվալ» գործողության շրջանակներում ֆրանսիացի զինվորականների առաքելությունը լիովին կատարված է, սակայն զորքերը կմնան տարածաշրջանում՝ մասնակցելու նոր ռազմարշավի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Սերվալ» գործողությունն սկսվել էր անցյալ տարվա հունվարին, երբ ֆրանսիացի զինվորականները Մալիի բանակին օգնում էին հետ մղել «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապված զինյալների և տուարեգների հարձակումը: Ներկայումս երկրում գտնվում է 1700 ֆրանսիացի զինվորական: Գործողությունը ծրագրվում էր ավարտել տակավին մայիսին, սակայն նոր բախումները ստիպեցին Ֆրանսիային հետաձգել որոշումը:
Հուլիսի 13-ին՝ Բաստիլի գրավման օրվա նախօրյակին, Օլանդը հայտարարել է ֆրանսիացի զինվորականների կողմից առաքելության իրագործման մասին: «Սերվալ» գործողությունն ավարտվում է, Մալին այլևս ահաբեկչական խմբերի ապաստան չէ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: