Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին եւ նրա գերատեսչությանը' թմրանյութերի աննախադաեպ խմբաքանակ առգրավելու առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը:

 

«Չիկաիձեի գերատեսչությունը թմրանյութերի մեծ քանակություն է առգրավել: Այդքան մեծ քանակությամբ թմրանյութեր դեռեւս չեն առգրավվել ոչ միայն մեր, այլ նաեւ հարեւան երկրներում», -ասել է Ղարիբաշվիլին:

 

Հուլիսի 11-ին վրացի իրավապահները հեղուկ հերոինի մեծ խմբաքանակ են հայտնաբերել բեռնատար ավտոմեքենայում, որը Վրաստան էր ժամանել Ադրբեջանից եւ մեկնում էր Թուրքիա: Թմրանյութը տեղափոխում էին հեղուկ օճառի 30 լ տարողությամբ տարաներով: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 2,79 տ:

 

Վրաստանի ՆԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարել էր, որ նման քանակությամբ թմրանյութի առգրավումն աննախադեպ իրադարձություն է Վրաստանի համար: Հայտարարության մեջ նշվել էր, որ քրեափորձագիտական ծառայության նախնական տվյալներով' առգրավված թմրանյութը պարունակումէ 80 տոկոս հերոին, որի շուկայական գինը կազմում է հարյուրավոր միլիոն դոլարներ:

 

Գործի շրջանակում ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ: Թմրանյութերի ապօրինի փոխադրման փաստով հետաքննություն է սկսվել:

 

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ Վրաստանում խոշոր չափի թմրանյութի բացահայտումը, որը չի վրիպել միջազգային մամուլի ուշադրությունից, դժվար դրության մեջ է դրել Ադրբեջանի իշխանությանը: Այդ մասին գրել են BBC-ից սկսած մինչեւ Նամիբիայի լրատվական գործակալությունները: Միջազգային լրատվամիջոցներն ուշադրության են հրավիրել այն բանի վրա, թե այդ ինչպես է մոտ 3 տ հերոինն անցկացվել Ադրբեջանի սահմանով, այն դեպքում, երբ այդ երկրի իշխանությունները հայտարարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ակտիվորեն պայքարելու մասին:

 

«Ադրբեջանի իշխանությունը լրջորեն տագնապած է, քանի որ աշխարհով մեկ հայտարարում է, թե պայքարում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Այդ դեպքում, ինչպես է ստացվում, որ մոտ 3 տ հերոինը հանգիստ կերպով անցկացվել է Ադրբեջանով, եւ իրավապահ մարմինները չեն կարողացել տեսնել այդչափ թմրանյութը: Ադրբեջանի իշխանությունը հարկադրված է պատասխանել այդ հարցերին:

 

Ենթադրվում է, որ վիճակից դուրս գալու համար ադրբեջանական իշխանությունը կարող է «զոհել» որոշ «մանր ձկների»: Սակայն համոզիչ չէ, որ դրանով հնարավոր կլինի քողարկել այդ խայտառակ իրադարձությունը, քանի որ բացահայտ է, որ հարցի հետեւում «շնաձկներ» են կանգնած, իսկ նրանց «զոհաբերելը» հավատալի չէ:

 

Որոշ ենթադրությունների համաձայն' այդ իրադարձությունն ուղղված է Ադրբեջանի իշխանության մերկացմանը: Դրանով համոզվածները դա բացատրում են այն բանով, որ իրադարձությունն անմիջապես միջազգային մակարդակով հանրայնացվել է: Մյուս կողմից' Վրաստանի իշխանությունը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի իշխանության հետ, եւ միջադեպը կարող էր հարթվել առանց աղմուկի: Սակայն, երեւում է, գործողությունն իրականացվել է անկախ Վրաստանի իշխանության կամքից», -եզրակացնում է «Ազադլըգ»-ը: