Ադրբեջանի պաշտպանության նախարարության արեւմտյան տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Օրխան Լազըմ օղլու Խալիլովը ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, զինվորը զոհվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Փաստի առնչությամբ ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվու մ է հետաքննություն:
Այս տարվա ընթացքում սա ադրբեջանական բանակում գրանցված ինքնասպանության թվով 12-րդ դեպքն է: Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են նաեւ արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 49 զինծառայող, որոնցից 39-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 94 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: