Ադրբեջանական բանակի զինծառայողները ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել, որի հետևանքով մեկ զինծառայող զոհվել, երեքն էլ վիրավորվել են: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

Ադրբեջանի պետական ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ ՃՏՊ-ը տեղի է ունեցել Գյորանբոյի շրջանում: «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Ջավանշիր Խաֆիևը, ընկել է ջրանցքը:

 

Վթարի արդյունքում մահացել է ավտոմեքենայում գտնվող պայմանագրային զինծառայող Էլմյադին Սադըգովը: Ծանր վնասվածքներ ստացած վարորդն ու մնացած ուղևորները' զինծառայողներ Էլշան Ալիևն ու Էմին Քյազիմովը տարվել են հոսպիտալ:

 

Վերջին երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 3 զինծառայող, 6 զինծառայողներ էլ ՃՏՊ-ի արդյունքում ծանր վնասվածքներ են ստացել:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն' 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 32 զինծառայող, որոնցից 23-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 51 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: