Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բաքվի Բիլաջարի ավանում գտնվող զորամասում մահվան դեպք է տեղի ունեցել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, զորամասի 25-ամյա զինծառայող Թափդըղ Ալիզամին օղլու Բաբաշովը շենքի 4-րդ հարկից ընկել և մարմնական վնասվածքներ է ստացել: Ծանր վնասվածքներով նա տեղափոխվել է Բաքվի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել:

 

 

Սակայն, զինվորի մայրը հայտարարել է, որ որդին մահացել է ոչ ընկնելու հետևանքով, այլ նրան սպանել են: Մի այլ հարազատ էլ հայտնել է, որ Թափդըղի թևերին պարանի հետքեր են եղել: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ի գիշերվա ժամերին: Ադրբեջանի ԱԻՆ-ը և ՊՆ-ը դեռևս չեն արձագանքել միջադեպին:

 

 

Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 69 զինծառայող և 31-ից ավելի վիրավոր: