Ադրբեջանական բանակի սպա լեյտենանտ Վյուսալ Արիֆ օղլու Գուրբանովը մահացել է «դժբախտ դեպքի» հետեւանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը: «Դժբախտ դեպքի» մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: Վ.Գուրբանովը զինծառայության էր կանչվել Նախիջեւանի Բաբեքի շրջանից:

 

Ադրբեջանը առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները միջադեպերին հաջորդող օրերին հաճախ ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, դժբախտ դեպքի, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանք:

 

Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 50 զինծառայող, որոնցից 4-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 94 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: