Հայաստանի կառավարությունը մտադիր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործում ներգրավվել որպես երրորդ կողմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ որոշումը կայացվել է և մինչև օգոստոսի 26-ը Հայաստանը պաշտոնապես հայտով կդիմի ՄԻԵԴ-ին' որպես երրորդ կողմ ներգրավվելու համար:

 

Կոստանյանը չմանրամասնեց գործողությունները, որ պետք է կատարի հայկական կողմը, միայն շեշտեց, որ տրամադրված են լուրջ և վճռական, ու ամենայն հավանականությամբ, կստեղծվի փաստաբանական խումբ' գործում հաջողության հասնելու համար:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդիկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատությա ն իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղել էր մինչև մարտի 17-ը: Ենթադրվում է, որ Փերինչեքի գործով առաջին դատական նիստը տեղի կուենա այս տարվա նոյեմբերի 5-ին: