Այս տարվա առաջին վեց ամիսներին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում գրանցվել է հանցագործության 354 դեպք' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 328-ի դիմաց. հանցագործությունների թիվն աճել է 26-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, շտաբի պետ Արա Քոչարյանը, գրանցված հանցագործություններից բացահայտվել է 337-ը:

 

Կատարված 354 հանցագործությունից 116-ը ուղղված են մարդու անձի, 113-ը' հասարակական անվտանգության կարգի դեմ, 89-ը' սեփականության, որից 4-ը' պետական գույքի, եւ 77-ը' անձնական գույքի հափշտակությանը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվն աճել է 28-ով: Տնտեսական հանցագործությունների թիվը աճել է 2-ով. անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 6 հանցագործության դիմաց այս տարի կատարվել է 8-ը:

 

Զգալի նվազել է պետական իշխանության ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը. նախորդ տարվա առաջին կիսամյակի 84-ի դի մաց 2014թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 48-ը: Կիսով չափ նվազել է նաեւ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. նախորդ տարվա 6-ի դիմաց այս տարի կատարվել է 3 հանցագործություն:

 

Նույն աղբյուրի հավաստմամբ' մարդու անձի դեմ ուղղված 116 հանցագործությունից բացահայտվել է 115-ը, հասարակական անվտանգության կարգի դեմ ուղղված 113-ից' 112-ը, սեփականության դեմ ուղղված 89-ից' 75-ը, պետական իշխանության ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններից չբացահայտված է մնացել մեկը, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղված բոլոր հանցագործություններն էլ բացահայտվել են:

 

Խոսրով Խլղաթյան