Շիրակի մարզի մոտ 600 բնակիչ դիմում է ներկայացրել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի ունունով՝ իրենց հանդեպ ՌԴ մուտք գործելու արգելանքի որոշումը վերանայելու խնդրանքով: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մարզպետարաններին տրամադրվել են ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու անունով ներկայացվելիք դիմումների օրինակելի ձևերը, որոնք լրացվում և ուղարկվում են ՌԴ միգրացիոն ծառայություն:

 

Շիրակի մարզի համայնքների բնակիչները, բացառությամբ Գյումրու, դիմումները նախ ներկայացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, իսկ բաժինն էլ իր հերթին հավաքված դիմումներն ուղղարկում է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայություն: Գյումրու բնակիչների դիմուները նախ գրանցվում են Գյումրու քաղաքապետարնում, ապա նույնպես ներկայացվում մարզպետրան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը, դիմումների հետ կցվում են նաև անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Դիմումի մեջ պարտադիր նշվում է թե դիմումատուն ինչ նպատակով է ցանկություն հայտնում մեկնել ՌԴ՝ բուժման, կրթության, թե աշխատանքի:

 

«Նրանք այն քաղաքացիներն են, ովքեր այս պահին չեն կարող մուտք գործել ՌԴ: Հիմնականում, ըստ բնակիչների, վերջիններիս մուտքի արգելանքը կապված է ժամկետների խախտման հետ՝ կոպիտ քրեական կամ վար չական խախտումներ, ըստ բնակիչների պնդման, իրենք չունեն: Շատերը դեռ համոզված չեն՝ ինչի համար է մինչ այս պահն իրենց հանդեպ գործում այդ արգելանքը: Նրանց հիմնական մասը, այնուամենյանիվ, ենթադրում է, որ խնդիրը միայն ժամկետների խախտման հետ է կապված»,- նշեց Սամվել Գրիգորյանը:

 

Գյումրուց ստացվել է նմանատիպ 120 դիմում, իսկ մյուս համայնքներից՝ 450: Ստացված դիմումներն արդեն երեք փուլով տրամադրվել են հասցեատուին: Դիմումների ընդունման գորընթացը դեռ շարունակվում է, իսկ դիմումների վերաբերյալ տվյալներ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ակնկալում է ստանալ օգոստոսին: Այս պահին դիմումներից որևէ մեկին պատասխան չի տրվել:

 

Արմենուհի Մխոյան