Սիրիայում արդեն 4 տարի ընթացող ներքաղաքական պատերազմի պատճառով մարտի 21-ին Քեսաբից հեռացած հայերը հունիսի 15-ին Սիրիայի պետական զորքերի կողմից քաղաքն ազատագրելուց հետո սկսել են վերադառնալ իրենց պապենական օրրանը: Հուլիսի 4-ին Քեսաբ են վերադարձել նաեւ քաղաքն իսլամիստների կողմից զավթվելուց հետո ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Մուսա լեռան Վաքըֆ գյուղում ապաստանած բոլոր տարեց քեսաբահայերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս»-ը:
Թերթը նշում է, որ չնայած Քեսաբն այլեւս նախկինը չէ, սակայն, նրա հայ բնակիչները պատրաստ են ամեն ինչ սկսել զրոյից, վերականգնել իրենց պապենական օրրանը եւ շարունակել բնակվել այնտեղ:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 20-ի երեկոյան Թուրքիայի սահմանից ներթափանցած իսլամիստ ահաբեկիչները, որոնց զինակիցները կռվում են Սիրիայի կառավարական զորքերի դեմ, զավթել են Քեսաբը, թալանել բնակիչների ունեցվածքը եւ տարել Թուրքիա: Ահաբեկիչների' թուրք-սիրիական սահմանակետով ազատորեն Սիրիա մուտք գործելու փաստն ապացուցող տեսանյութ էլ է հրապարակվել համացանցում: