Աֆրիկյանների շենքի քանդման խնդրի հետ կապված ողջ ուշադրությունը կենտրոնացավ ՀՀ մշակույթի նախարարության վրա, սակայն այն միայն շինությանը պատմամշակութային արժեքի կարգավիճակ տվողն է եւ չի լուծում քանդման գործընթացի հետ կապված խնդիրնդրը:

 

Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը:

 

«Այստեղ կա քաղաքաշինական եւ հուշարձանների պահպանման հետ կապված գործելակերպի անհամապատասխանություն, որովհետեւ պատմական քաղաքները իրենց գլխավոր հատակագծի մեջ պարտադիր պետք է ունենան պատմական միջուկի պահպանության սխեմա:

 

Այն պետք է հաստատի, ըստ քաղաքի գլխավոր հատակագծի, այն հատվածը, որը քանդման ենթակա չէ, եւ այդ հատվածը պետք է կառավարի գլխավոր հատակագծի նորմերով: Ցավոք, Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման ժամանակ եղել է այդ խնդիրը, երբ պահպանվել է կոնկրետ շինության պատմամշակութային կարգավիճակը, սակայն քաղաքաշինական ծրագրերում, որոնց համաձայն, այդ շենքը պետք է պահպանվի, այդ կարգավիճակը բացակայում է:

 

Եթե այս օղակները համահունչ գործեն, ապա այդ շենքը կպահպանվի: Անհրաժեշտ է, որպեսզի ըստ գլխավոր հատակագծի, պատմական հատվածը անձեռնամծելի մնա», - պարզաբանեց ԻԿՕՄՕՍ-ի հայաստանյան գրասենյակի նախագահը:

 

Նա հավելեց, որ հետագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար պետք է որոշել պատմական եւ անձեռնմխելի հատվածները' ներառելով գլխավոր հատակագիծ:

 

Տասնիններորդ դարի վեջին կառուցված Աֆրիկյանների շենքը ՀՀ Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ ապամոնտաժվել, ինչը վերջին ամիսներին հանրության կողմից բուռն քննարկումների առիթ էր դարձել: Շենքի վերակառուցումը ծրագրվում է իրականացնել մոտ ապագայում' «Հին Երեւան» նախագծի շրջանակներում: