ԱՄՆ ոլարի նկատմամբ դրամի արժեզրկման սպասումները մեծ են ռիսկից, իսկ 2-3 դրամի տատանումը այդքան էլ մեծ ռիսկ չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ընկերության տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Նրա կարծիքով' դրամի արժեզրկման հավանականությունը 50/50 հարաբերակցությունն ունի:
«Ներկայումս ոչ թե դրամի արժեզրկման ռ իսկն է բարձր, այլ սպասումները: Սուբյեկտիվ մասով մենք բոլորս միշտ սպասում ենք վատին և անընդհատ միտված ենք, որ դոլարի փոխարժեքը կբարձրանա, սակայն երեք տարի է, որ մեզ մոտ դրական միտումներ են: Թե որքանով է իրատեսական այն, որ դրամը դոլարի նկատմամբ կարժեզրկվի, հավանական է 50/50 հարաբերակցությամբ: Իմ կարծիքով' մեծ տատանումներ չեն սպասվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սարոյանը:
Նրան համակարծիք է նաև «ԱրմՍվիսբանկ»-ի տնօրենի տեղակալ, ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը: «Թեև բոլորը սպասում են դոլարի կտրուկ արժեվորման, սակայն հստակ քայլեր չեն արվում: Այսօր 2-3 դրամի տատանումը Հայաստանի նման երկրների համար ոչինչ չի փոխում»,- ընդգծեց նա: Տուրյանը տեղեկացրեց, որ բանկերը դոլարի տատանումից խուսափելու համար հեջավորման տարբերակ են առաջարկում: