Mediamall.am - ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն նորությունները.

 

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահը խնդրել է փոխանցել իր անկեղծ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին:

 

***

 

Օբաման և Մերկելը կհամակարգեն ՌԴ-ի դեմ կիրառվող հնարավոր նոր պատժամիջոցները

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ են համաձայնեցնել ՌԴ-ի նկատմամբ կիրառվելիք հնարավոր նոր պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային խոսակցության արդյունքերի հիման վրա հայտարարել են, որ պատրաստ են միմյանց հետ համաձայնեցնել ՌԴ-ի նկատմամբ կիրառվելիք հնարավոր նոր պատժամիջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի գործերին միջամտելու մեջ, Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ դրանք համարելով անընդունելի:

Արևմտյան երկրներն արդեն մի շարք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ՝ սպառնալով ընդլայնել սահմանափակող միջոցները:

 

***

 

Դիվերսանտներն իրենք տարել և ցույց են տվել այն վայրը, որտեղ սպանել են Սմբատ Ցականյանին. ԳԱԼԱ

 

«Սմբատ Ցականյանի դին գտել են Քարվաճառի մոտակայքում և հաստատվեց, որ դիվերսանտներն են սպանել, որովհետև հենց դիվերսանտներն իրենք տարել և ցույց են տվել այն վայրը, որտեղ սպանել են Սմբատ Ցականյանին: Ջահել երեխա է մահացել, հիմա էստեղ գյուղում խառը վիճակ է»: 

 

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

***

 

Ադրբեջանական բանակը սպա է կորցրել

 

Ադրբեջանական բանակի սպա լեյտենանտ Վյուսալ Արիֆ օղլու Գուրբանովը մահացել է «դժբախտ դեպքի» հետեւանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը: «Դժբախտ դեպքի» մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: Վ.Գուրբանովը զինծառայության էր կանչվել Նախիջեւանի Բաբեքի շրջանից:

Ադրբեջանը առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները միջադեպերին հաջորդող օրերին հաճախ ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, դժբախտ դեպքի, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանք:

Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 50 զինծառայող, որոնցից 4-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 94 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

***

 

Ադրբեջանցի փաստաբանները դատի են տվել Ժիրինովսկուն

 

Փաստաբան ամուսիններ Սադըք եւ Էլմիրա Մամեդովները Մոսկվայի Տվերյան դատարան հայց են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմ' ադրբեջանական ժողովրդի «պատիվն ու արժանապատվությունը» պաշտպանելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Իզվեստիա» թերթը:

Բացի այդ, հայցվորները խնդրում են պատասխանատվության ենթարկել նաեւ Պետդումային, որի լիագումար նիստում պատգամավորների կողմից ադրբեջանցիների հասցեին հնչել են, իրենց կարծիքով, անվայելուչ բացականչություններ:

2014 թվականի մարտի 11-ին ՌԴ պետդումայի լիագումար նիստում Ժիրինովսկին հայտարարել էր. «Ահա, ինչ՞ է Ադրբեջանը: Ես ձեզ ռուսերեն եմ թարգմանում: «Ազեր»-»Խազեր դենիզի» - Կասպից ծով, բաջա - ծայրամաս: Այսինքն' մարդիկ, որոնք ապրում են Կասպից ծովի ափին, ռուսերենով' կասպիականներ: Ինչ՞ է, կա՞ այդպիսի ազգություն' կասպիականներ: Դա այնտեղ բնակվող մարդիկ են: Մենք ասում ենք «Պովոլժիե»: Բայց այնտեղ կան մարիներ, թաթարներ, բաշկիրներ»:

Ադրբեջանցի փաստաբան ամուսինները դատարանին խնդրում են Ժիրինովսկուն պարտադրել Պետդումայում հանդես գալ հրապարակային հերքումով դատարանի վճռից անմիջապես հետո: Մամեդովները Ժիրինովսկուց պահանջում են 100 մլն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում, ադրբեջանցիների, այդ թվում նաեւ իրենց ընտանիքի «պատիվն ու արժանապատվությունը» ստորացնելու համար: Նրանք պահանջում են նաեւ, որպեսզի խորհրդարանի ստորին պալատը եւս Ժիրինովսկուն պարտադրի հանդես գալ հերքումով:

 

***

 

Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն. ՀՔԾ

 

Քաղաքացի Սարգիս Մ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Քաղաքացի Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 15-ին բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին, հերթապահ մասում ծեծի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:

Սարգիս Մ-ի մարմնի տարբեր հատվածներում արձանագրվել են առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող բազմաթիվ քերծվածքներ և արյունազեղումներ:

 

***

 

Պարզվել է Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով առաջին կասկածյալը

 

Պարզվել է Մոսկվայի մետրոյի վթարի գործով առաջին կասկածյալի ինքնությունը: Այս մասին հայտնում է mir24-ը՝ վկայակոչելով LifeNews-ը:

Ըստ հետաքննչական մարմինների նախնական տվյալների՝ Ճանապարհային ծառայության 3-րդ գծի ճանապարհային մասնագետի օգնականը պետք է ստուգեր երկաթգծերի սլաքային համակարգի գործունեության հուսալիությունը վերանորոգումից հետո: Սակայն նա չէր կատարել աշխատանքային պարտականությունը:

Ոստիկանությունը ենթադրում է, որ գնացքների երթևեկության հետևանքով առաջացած ցնցումները պատճառ են դարձել, որ սլաքային համակարգը շեղվի իր նախնական դիրքից և գնացքի ընթացքը փոխի:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատ-Պոկրովսկ գծի «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ պոբեդի» կայարանների երկաթգծերից դուրս են եկել գնացքի երեք վագոնները:

 

***

 

Պաղեստինյան կողմի զոհերի թիվը Գազայի հատվածում գերազանցել է 200-ը

 

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 205-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 1530-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը, Իսրայելի օդային հարվածներն ո ւղղվել են Գազայի հատվածի հյուսիս-արևելյան շրջանի ուղղությամբ: Աղբյուրի տեղեկացմամբ, Գազայի հատվածում վիրավորների բուժման դժվարություններ են ի հայտ եկել, և հնարավոր է զոհերի թիվն ավելանա համապատասխան դեղորայքի բացակայության պատճառով:

Ռմբակոծվել են Քարամա և Շուջայիա շրջանները, ինչպես նաև Գազայի Զեյթուն թաղամասը: Իսրայելի ռմբակոծություններն ուղղվել են նաև ՀԱՄԱՍ շարժման ղեկավարների տների ուղղությամբ, մասնավորապես ավերվել է ՀԱՄԱՍ-ի ներքին գործերի նախարարության շենքը:

Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ, Թել Ավիվի ուղղությամբ հուլիսի 16-ին 4 հրթիռ է արձակվել: Հուլիսի 15-ի երեկոյան տեղեկություններ են ստացվել, որ իսրայելական կողմից առաջին զոհն է գրանցվել:

Այսպիսով, Եգիպտոսի նախաձեռնությամբ 2 կողմերի միջև զինադադարն այդպես էլ ուժի մեջ չմտավ:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունն սկսել է հուլիսի 8-ից: Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ հազար հրթիռ: Իսկ Իսրայելը ռմբակոծել է պաղեստինյան 1800 նպատակակետ:

 

***

 

Ավակովի նկատմամբ մահափորձ է արվել

 

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ մահափորձ է կատարվել, որն իբր տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքում: Այդ մասին հաղորդում է RT-ն:

«Մանրամասներ այս դեպքի առնչությամբ դեռևս չկան: Հայտնի է միայն, որ նախարարին փորձել են սպանել Ուկրաինայի արևելքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ՆԳՆ-ի պաշտոնական կայքում նույնիսկ հայտնվել է ՆԳ նախարար Ավակովի մահափորձի մասին ճեպազրույց, սակայն ավելի ուշ այն ջնջվել է կայքից:

 

***

 

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

 

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր փոխանցել բոլոր զոհվածերի մերձավորներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:

 

***

 

Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է արդարացնել իր դիվերսանտների կողմից կատարված վայրագությունները

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է արդարացնել իր դիվերսանտների կողմից կատարված վայրագությունները' հայտարարելով, որ ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները «ոչ մի ապօրինի բան չեն արել»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է հետախուզական-սադրիչ խմբերի միջոցով տարբեր դիվերսիաների իրականացումը, միաժամանակ նշել, որ Քարվաճառում ձերբակալված անձինք պետական սահման չեն խախտել: Ադրբեջանի ՊՆ-ը կրկին շրջանառության մեջ է դրել իրենց կեղծ թեզը, թե «գրավյալ տարածքներ»-ն ինքնիշխան Ադրբեջանի հողերն են, և ոչ ոք չի կարող արգելել ադրբեջանցիներին գտնվել և ազատ տեղաշարժվել այդ տարածքներում:

Փաստորեն, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն օրինաչափ է համարում ոչ միայն հարևան պետությունների սահմանների խախտումը, այլ նաև ազգային պատկանելության հողի վրա անմեղ մարդկանց սպանությունները:

ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968 թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլը Ասկերովը (ծնվ. 1960 թ.), ևս մեկ դիվերսանտ' Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Փաստի առթի վ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինաբար հատելու, սպանություն կատարելու, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձ իրագործելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

 

***

 

Աշխարհազորայինները Դոնեցկի որոշ շրջաններում ռազմական դրություն են սահմանում

 

Աշխարհազորայինները Դոնեցկի որոշ շրջաններում ռազմական դրություն են սահմանել, իսկ ողջ քաղաքում՝ նաև պարետային ժամ: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայությանը:

«Հաշվի առնելով Դոնեցկ քաղաքին սպասվող վերահաս վտանգը, և այդ վտանգից խաղաղ բնակիչների կյանքն ապահովելու համար, աշխարհազորայինները Դոնեցկում ռազմական դրություն և պարետային ժամ են սահմանում:

Ռազմական դրություն է մտցվում Դոնեցկ քաղաքի մի քանի շրջաններում: Պարետային ժամը կգործի տեղական ժամանակով 23:00-06:00-ն ընկած ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

***

 

Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ իր գործընկերներին

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին' Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ընդունեք մեր խորին եւ անկեղծ ցավակցությունները Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ հարազատների վիշտն ու ցավը եւ շուտափույթ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրում:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է քսան մարդ, եւս գրեթե 130-ը հոսպիտալացվել են:

Տուժածների թվում են երկու հայազգի անձիք, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն:

 

***

 

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը ԼՂՀ տարածք Բաքվի հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողությունն է. Բակո Սահակյան

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը վերջերս ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը ԼՂՀ տարածք համարել է պաշտոնական Բաքվի կողմից հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողություն, որը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին եւ միջնորդ երկրների ջանքերին' հավելելով, որ այն պետք է համապատասխան գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից:

 

***

 

ՌԴ քննչական կոմիտեն Լևոն Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան

 

ՌԴ քննչական կոմիտեն սփյուռքահայ մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյանին կալանքի տակ վերցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել է Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան: «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոսբալտ»-ը, նշում է, որ հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին մեղադրում են ֆինանսական խարդախություններ կատարելու մեջ՝ «Բաշնեֆթ»-ը վաճառելու ժամանակ:

Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու քրեական հոդվածներով:

Գործարարի գրասենյակում նախորդ գիշեր անցկացվել է խուզարկություն որտեղից ՊՄ ատրճանակի փամփուշտի 2 փաթեթ է առգրավել: Բացի այդ, «Ռոսբալտ»-ի աղբյուրներն ասել են, որ գործարարը սպանությունների հետ առնչություն չունի:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանում ապրող և գործունեություն ծավալող մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց:

Հետաքննիչներն ուժեղացված հսկողությամբ գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե' հարցաքննության, որտեղ էլ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:

Առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Լևոն Հայրապետյանն արցախցի բարերար է ու հայկական Սփյուռքի ամենախոշոր մեծահարուստներից մեկը:

 

***

 

Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը խնդիր է Արեւմուտքի համար. Շվեդիայի արտգործնախարար

 

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը Վաշինգտոնում սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի իշխանությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Բիլդտը կասկած է հայտնել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում ավտորիտար ռեժիմի պատճառով Ադրբեջանի իշխանությունների ձգտումների ազնվության հարցում:

«Ադրբեջանն առանձնահատուկ պատմություն է: Նրանք նստած են նավթի վրա եւ ավտորիտար քաղաքական զարգացում են իրագործում, ինչը մեզ համար խնդիր կառաջացնի», -ասել է նա' անցյալ շաբաթ Վաշինգտոնում Վերլուծական խորհրդում ունեցած ելույթում:

Բիլդտը նշել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն այժմ ավելի լուրջ մարտահրավերների է բախվում, քան 2008 թվականին դրա հաստատման ժամանակ: