Հայաստանի կառավարությունը Դավիթ Մուրադյանին հաստատեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Կառավարության նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ Դավիթ Մուրադյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:

 

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրությունը տեղի էր ունեցել հունիսի 2-ին կայացած Կառավարման խորհրդի նիստում, որտեղ Մուրադյանը ներկայացրել է իր ծրագիրը»,- ասաց Աշոտյանը:

 

Բուհում ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 8-ից' նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի վաղաժամ մահից հետո:

 

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թ. Երեւանում: Նա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն է, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր: Առաջին գիրքը լույս է տեսել 1976 թ., հետագայում հեղինակել է եւս 8 գիրք: 1994-1996 եւ 2001-2008թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010թթ-ին' ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ: «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է, արժանացել է նաեւ «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը: