«Ցանկացած որոշում, որ կընդունվի, դրան կնախորդի լրագրողների հետ քննարկումը: Երեկ ասել եմ, այսօր էլ ասում եմ՝ լրագրողների իրավունքները սահմանված են օրենքով: Ոչ ոք, առավել ևս՝ Աժ աշխատակազմի ղեկավարը, չի կարող դրանք սահմանափակել»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների թվի կրճատմանը:

 

«Կան, չէ՞, լրատվամիջոցներ, որոնց չեք ճանաչում նաև դուք: Կարող եմ ցուցակը ձեզ տալ, մի հատ նայեք: Կան որոշակի գիտելիքներ, որոնց ԱԺ-ում աշխատող լրագրողները պետք է տիրապետեն: Եթե ինչ-որ մի բան անեմ՝ դա լինելու է բոլոր խմբագիրների հետ հանդիպումից հետո: Չեմ բացառում, որ դա լինի նաև հորդորանք, որ ուղարկեն ԱԺ այն լրագրողներին, ովքեր իրավաբանական գիտելիքների որոշակի պաշար ունեն: Դրանից հետո որոշակի դասընթացներ կանցկացնեմ, թե ինչ է Ազգային ժողովը, ինչ է հանձնաժողովը, նիստը: Խնդիրն ինչ-որ կերպ պետք է լուծել»,- ասաց Թովմասյանը:

 

Խոսելով դրես-կոդի մասին՝ Թովմասյանն ասաց. «Ումի՞ց եք լսել, ումից լսել եք, իրենցից ճշտեք»:

 

Հարցի հետ կապված՝ նախկին նախարարը պատմություն ներկայացրեց. «Երջանկահիշատակ Դեմիրճյանը, երբ ընտրվեց ԱԺ նախագահ, զանգեց Վլադիմիր Նազարյանին, խնդրեց կանոնակարգը բացատրել: Նա բացատրեց կանոնակարգը, ապա ասաց՝ դուրս գանք, մի քիչ քայլենք: Քայլելիս մի աշխատակից տեսանք, ասեց՝ աղջիկ ջան, արի այստեղ: Դու ո՞վ ես, ասաց՝ ես գլխավոր մասնագետ այսինչյանն եմ, Դեմիրճյանն ասաց՝ մասնագետներն այդ մարդիկ են, վաղվանից շորով կգաս»,- պատմեց նա ու հեռացավ: