ՀՀ կառավարությունն հաստատել է Շիրակի մարզում 2014թ. հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, Լոռու մարզում՝ 2014թ. մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների ցուցակները, լրացումներ կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներում: Կարկտահարությունից տուժել են Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնք: Տուժած համայնքներում կան հողօգտագործողներ, որոնք 2013թ. մարզպետարանից ստացել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ 2014թ. բերքահավաքից հետո ստացած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 1:2 հարաբերակցությամբ 80 դրամ (160 դրամ) վերադարձնելու պայմանով: Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասը, որի հետևանքով հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ՝ որոշվել է նշված գումարների վերադարձը հետաձգել և դրա քննարկմանն անդրադառնալ 2015թ. հուլիս ամսին: 2014թ. ներկայացվել է ավելի քան 1200 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի պահանջարկ, որի դիմաց վերադարձման ենթակա գումարների հարցը նույնպես քննարկվելու է 2015թ. հուլիս ամսին:

 

Նշելով, որ ինքն անձամբ է ականատես եղել բնական աղետի պատճառած ավերածությանը, կառավարության ղեկավարը կասկած է հայտնել, թե գյուղացիներն իրենց պարտքը կարող են եկող տարի վերադարձնել և հանձնարարել է պատկան մարմինների ղեկավարներին ևս մեկ անգամ քննարկել հարցը ՀՀ փոխվարչապետի հետ և կոնկրետ որոշում կայացնել: Վարչապետը գյուղացիներին աջակցելու առաջարկով դիմել է նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

 

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը լուծել է Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքին հացահատիկահավաք կոմբայն տրամադրելու և Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն և Արտենի համայնքներում հակակարկտային կայաններ տեղադրելու հարցերը: