ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, նախարարը ողջունել է Հայաստանում «Սիանս Պո Արմենիա»-ի գործունեությունը' կարևորելով վերջինիս գիտակրթական և հետազոտական, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների առաջատար ղեկավարների վերապատրաստման կուրսերը: Ա. Աշոտյանի խոսքով' նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է և, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում:
Նախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա' ընդգծելով, որ պատահական չէ, որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախատեսվող միջոցառումներին:
«Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալը ողջունել է Հայաստանի' Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնումը' նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա' Հայաստանի կրթական ոլորտի ինտեգրմանը եվրոպական միասնական կրթական տարածքին:
Վերջինիս խոսքով' «Սիանս Պո Արմենիա»-ն ՀՀ հանրային ծառայողներին և ուսանողներին առաջարկում է համատեղ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ), հետբուհական կրթական ծրագրեր և լրացուցիչ, շարունակական կրթություն' ընդգծելով, որ ընկերությունն իր ծառայությունը կմատուցի ոչ մի այն հայ ուսանողներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին' դառնալով նաև տարածաշրջանում միջազգային մակարդակի կառույց:
Քրիստիան Դյուվալը նշել է նաև, որ Էքս-ան-Պրովանսի «Սիանս Պո» քաղաքագիտության ինստիտուտի առաքելությունը ի սկզբանե եղել է առաջատար ղեկավարների պատրաստումը թե՛ Ֆրանսիայի պետական համակարգի, թե՛ մասնավոր հատվածի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երիտասարդ գիտաշխատողների, դիպլոմների փոխճանաչման, ուսանողների շարժունության, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու, ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնման և այլ հարցեր:
Այսօր Ֆրանսիայի դեսպանատանն իրենց ավարտական վկայականներն են ստացել «Սիանս Պո Արմենիա»-ի դասընթացի առաջին 7 շրջանավարտները: