ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր' հոկտեմբերի 10-ին, ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածաշրջանային տնօրեն Մարի Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը:
Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը Հայաստանում է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ներկայացուցիչների տարեկան համաժողովին մասնակցելու, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նոր՝ 2016-2020թթ. ծրագրային փուլի նախապատրաստման համար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կառուցողական և արդյունավետ համագործակցություն է ձևավորվել, իրականացվում են ծրագրեր, որոնք կոնկրետ արդյունքներ են տալիս: Ընդամենը շաբաթներ առաջ չորս մարզերում սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել, ինչը, փոխվարչապետի գնահատմամբ, այդ համագործակցության արդյունք է:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կարողացել է ՀՀ կառավարությանը օգտակար լինել այս կամ այն սոցիալական մարտահրավերին գլոբալ լուծում գտնելու հարցում՝ փորձելով նաև ինստիտուցիոնալ հնարավորություններ և կարողություններ ձևավորել՝ կոնկրետ մեխանիզմների ներդրման միջոցով: Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը բարեփոխումների լուրջ օրակարգ ունի և, համոզված եմ, որ այդ օրակարգի մի զգալի մասի իրականացմանը կլինի նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը»,-ընդգծել է փոխվարչապետը:
Զրուցակիցները քննարկել են տարածքների համաչափ զարգացման և այդ համատեքստում՝ մարզերում հատկապես երեխաների համար նախատեսված սոցիալական ծառայությունների հասանելիության, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամրապնդման, սոցիալական աշխատողների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել առաջիկա ծրագրերի, մասնավորապես, ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նոր նախագծի մշակման, վարչատարածքային բարեփոխումների ընթացքի, տարածքային զարգացման նոր հիմնադրամի ձևավորման ծրագրերի մասին, որոնց առանցքում լինելու է տարածքների զարգացումը:
Անդրադառնալով սոցիալական ծառայությունների զարգացմանն ու մարզերում դրանց հասանելիության ապահովմանը՝ փոխվարչապետը դրական է համարել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը՝ միաժամանակ կարևորելով դրա ամրապնդումը: Նա առաջարկել է մինչ օրս կատարված աշխատանքների գնահատում իրականացնել, ինչը կառավարությանը հնարավորություն կտա գործընթացում արձանագրված թերությունները շտկել և առաջ գնալ: Փոխվարչապետը կարևորել է նաև մասնագետ սոցիալական աշխատողների ինստիտուտի ձևավորումը:
Մարի Պիեռ Պուարեն ներկայացված ծրագրերն ու առաջարկները կարևոր է համարել՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել: Նշվել է, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն հայաստանյան գրասենյակի առաջիկա հնգամյա ծրագիրը մշակելիս: