Աշխատանքային այցով Արարատի մարզի Այգեստան համայնք այցելեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Մարզպետին ուղեկցում էին խորհրդական Ալբերտ Յակուբովը, օգնական Նարեկ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Ալինա Լալայանը:
Համայնքապետ Սոկրատ Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին համայնքում, եղան երեք խմբանոց մանկապարտեզում, որի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել էին վերջերս: Մանկապարտեզն ունի ննջասենյակներ, ճաշասենյակ, խոհանոց, խաղասենյակ, որոնք կահավորված են արդիական չափանիշներով: Գյուղապետը տեղեկացրեց, որ մանկապարտեզի հիմնանորոգման համար ներդրումներ է կատարել նաեւ սեփական միջոցներից:
Հաջորդ վայրը գյուղապետարանին կից սպորտդահլիճն էր, որտեղ մարզվում են գյուղի երիտասարդները: Քայքայված սպորտդահլիճն ամբողջությամբ նոր տեսք էր ստացել: Այն հագեցած է սպորտային պարագաներով, ունի բաղնիք, հանդերձարան, բուժկետ, կից ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտ: Հիմնանորոգված էր նաեւ գյուղապետարանի մի մասը:
Մարզպետի այցն ավարտվեց աշխատանքային խորհրդակցությամբ, որը տեղի ունեցավ գյուղապետարանում: Նա նկատեց, որ շատ բան է արված գյուղի համար, սակայն, այդ շատն էր դեռ քիչ է: «Մենք ամեն հնարավորը պետք է անենք համայնքի բնակչի կյանքը վերափոխելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ընդգծեց Աբրահամյանը:
Անդրադառնալով մանկապարտեզին' մարզի ղեկավարը նկատեց, որ այնտեղ աշխատանքները կատարվել են որոշակի թերություններով, դրա համար անհրաժեշտ է, որ համայնքի ղեկավարը պայմանագիր ստորագրի մասնագետ-շինարարական ընկերությունների « հետ, որպեսզի չընկնի պատահական մարդկանց ծուղակը, որի հետեւանքը լինում է անորակ աշխատանքը:
Համայնքապետ Սոկրատ Հովհաննիսյանը շարունակում է զարգացնել գյուղը: Նրան են սպասում բազմահատոր գրքերով գրադարանի հիմնանորոգումը եւ այլ հիմնախնդիրների լուծումը: Նշյալ աշխատանքներն իրականացվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Լիլիթ Մաճկալյան