Կոտայքի մարզի Արգել համայնք կատարած աշխատանքային այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, համայնքի ղեկավար Մ. Ավագյանի ուղեկցությամբ, ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարական այս աշխատանքներն ընթանում են մարզի համայնքներում հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դպրոցի շինարարական աշխատանքներն իրականցնող կազմակերպության պատասխանատուներին Կոտայքի մարզպետը հանձնարարել է սահմանված ժամկետում և որակական չափանիշների լիարժեք պահպանմամբ իրականացնել կրթօջախի հիմնանորոգումը' նոր ուսումնական տարվա առաջին օրը դպրոցի սաների համար ապահովելով կրթական հարմարավետ պայմաններ:
Համայնքում Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև կենտրոնական ճանապարհի հիմնանորոգված հատվածի ընդհանուր վիճակին, քննարկել համայնքի ճանապարհների հետագա բարեկարգման խնդիրները: Արգելի առողջության կենտրոնում Կոտայքի մարզպետին են ներկայացվել բուժհիմնարկի գործունեության ուղղությունները, զարգացման միտումներն ու հեռանկարները:
Փաստելով բնակչության առողջության պահպանման ասպարեզում ներկա առաջնահերթություններն ու ժամանակի պահանջներին համահունչ սպասարկում կազմակերպելու հրամայականները' Արամ Հարությունյանը «Արգելի ԱԿ» ՓԲԸ-ի պատասխան ատուներին հանձնարարել է նորովի մոտեցումներ կիրառել իրենց աշխատաոճում:
Համայնքային այս այցելության հաջորդ կանգառը եղել է Արգելի մշակույթի տունը: Մշակույթի օջախում կատարած շրջայցի ընթացքում Կոտայքի մարզպետը կարևորել է համայնքում մշակութային ավանդույթներ կերտելու և մշակութային առօրյան աշխուժացնելու հանգամանքները: Կոտայքի մարզպետն այցելել է նաև Արգելի մանկապարտեզ, որտեղ կազմակերպված քննարկումներին մաս են կազմել նաև համայնքի դպրոցի, մանկապարտեզի և մշակութային հաստատության սերտ համագործակցության անհրաժեշտությունները: