Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում է եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզային այցն սկսել է շրջայցով՝ աշխատանքային օրվա սկզբում ա յցելելով մարզկենտրոնի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ տարածքային բաժին և պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակ:
Շրջայցի ընթացքում նախարարն ու նրան ուղեկցող նախարարության պաշտոնատար անձինք զրուցել են հանրային ծառայությունների գրասենյակներ այցելած քաղաքացիների հետ, նրանցից հետաքրքրվել սպասարկման որակից և աշխատակիցների վերաբերմունքից: Հովհաննես Մանուկյանն առանձնազրույց է ունեցել և մի շարք հարցել քննարկել տարածքի նոտարների, ՔԿԱԳ բաժնի և պետական ռեգիստրի գործակալության աշխատակիցների հետ, ինչին հետևել են փաստաթղթաշրջանառության և տեխնիկական առանձին թերացումների անհապաղ վերացման, ինչպես նաև բնակչության տեղեկատվության մատչ ելիությանը նպաստող ճանաչողական նյութերի մշտական թարմացումները ապահովելու մասին հանձնարարականներ:
Այցի շրջանակում Հովհաննես Մանուկյանն այցելել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ հանդիպել է մարզի դատավորներին, լսել դատաիրավական բարեփոխումներին և իրավակիրառ պրակտիկային առնչվող դատավորների բարձրացրած բազմաբնույթ հարցեր: Դատավորների հետ քննարկվել են նաև առանձին իրավական ակտերի մշակման ընթացքին նրանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության հիմնախնդրի օրենսդրական կարգավորման հնարավորությունները:
Նախարարի հաջորդ կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ միասին Հովհաննես Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են մարզի բնակավայրերի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաբնույթ հարցեր: Նախարարը խորհրդակցության ընթացքում նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախարարները որոշակի պարբերականությամբ լինում են մարզերում՝ ոլորտային խնդիրները տեղում վերլուծելու, խնդիրներն արձանագրելու և դրանց արագ լուծում տալու նպատակով: «Մեր նախարարության հանրային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր գրասենյակների հետ դուք, ձեր համայնքների բնակիչները պարբերաբար առնչվում եք և մեզ համար կարևոր է լսել ձեր կարծիքը՝ հասկանալու համար, թե քաղաքացիների սպասարկման որակն էլ ավելի բարելավելու համար ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ»,- նշել է արդարադատության նախարարը:
Խորհրդակցության մասնակիցները նախարարի ուշադրությունը հրավիրել են հիմնականում ՔԿԱԳ համակարգին առնչվող որոշ գործառույթների իրականացման արդյունավետությանը, առանձին ընթացակարգերի պարզաբանման անհրաժեշտությանը, քննարկվել են պետական ռեգիստրի գործակալության իրավասությունների ոլորտին առնչվող որոշ հարցեր: Նախարարը պատասխանել է բոլոր հարցադրումներին՝ հանձնարարելով իր աշխատակազմին հետևողական լինել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ: Մարզային խորհրդակցության մանրամասներին, ինչպես նաև տեղի բնակչությանը հուզող մի շարք այլ հարցերի նախարարն անդրադարձել է մարզային ԱԼՏ հեռուստատեսության «Բազմակետ» հաղորդաշարին տված հարցազրույցում:
Այնուհետև արդարադատության նախարարը Արմավիրի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Ջանֆիդա համայնք, որտեղ մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարերի օծման արարողությանը: Նույն գյուղում նախարարն այցելել է նաև 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած Կնյազ Շիրինյանի ընտանիքին: 103-ամյա Կնյազ Շիրինյանը, որը բնակվում է որդու ընտանիքի հետ, չի դժգոհել առողջութունից, ջերմ զրույցի է բռնվել և նախարարի այն հարցին, թե ի՞նչ բարի խորհուրդ ունի երիտասարդներին, պատասխանել է, որ մարդն այնպես պետք է ապրի, որ միշտ սպասված լինի, իսկ մահվանից հետո բարի խոսքով հիշեն:
Կնյազ Շիրինյանին առողջություն մաղթելով՝ նախարարը մեկնել է Արմավիր քաղաքի թիվ մեկ օժանդակ գիշերօթիկ դպրոց, որտեղ սովորում են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ: Դպրոցի սաները նախարարին ընդունել են շատ ջերմ և անմիջական: Երեխաների կազմակերպած ինքնատիպ միջոցառումից հետո նախարարն ու երեխաները նվերներ են փոխանակել և հրաժեշտ տվել միմյանց:
Մարզային այցի վերջին կանգառը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն է եղել: Նախարարը ծանոթացել է նորաբաց հիմնարկի բնակեցման ընթացքին, եղել բնակելի գոտում, զրուցել դատապարտյալների հետ: Հովհաննես Մանուկյանը շրջել և ուսումնասիրել է նաև հիմնարկի նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքների ընթացքը՝ հատկապես ուշադրություն դարձնելով նախագծային և շինարարական աշխատանքների ընթացքում քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող Եվրոպական չափանիշների պահպանմանը: Քրեակատարողական հիմնարկում շրջայցի արդյունքներով նախարարը տեղում մի շար ք հանձնարարականներ է տվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը և կառուցապատող-շինարարին: