Աշխատանքային այցով հոկտեմբերի 20-ին Շիրակի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Այցի ընթացքում նախարարը այցելեց ոչ միայն Գյումրու, այլ նաև Արթիկի և Ախուրյանի մարզադպրոցներ: Գաբրիել Ղազարյանը այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցեց նաև 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ նախարարին ներկայացվեցին քաղաքի մարզադպրոցներում առկա խնդիրները: Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ունեցող քաղաքը դեռ մարզական կառույցների շենքային պայմանների հետ կապված շատ խնդիրներ ունի: Շենքային ու գույքային խնդիրներից անմասն չէ Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեկան ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ իր մարզական պարապմունքներն է անցկացնում Եվրոպայի եռակի ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

 

Սամվել Բալասանյանը նախարարին ներկայացրեց քաղաքապետարանի կողմից մարզական ոլորտում իրականացվող ծրագրերը. իրականացվել է հողհատկացում, աջակցություն համայնքային բյուջեից, բարերաների կողմից, բայց անելիքներ կան: Ըստ նրա' առկա խնդիրները լուրջ պետական մոտեցման ու աջակցության կարիքն ունեն. այդպիսի խնդիրներ կան, մասնավորապես, Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեկան ըմբշամարտի մարզադպրոցումում:

 

Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց կատարված այն աշխատանքի համար, որի արդյունքում միայն վերջին ժամանակներում քաղաքն աշխարհի 2 չեմպիոն տվեց:»Շնորհակալություն քաղքապետարանին, աշխատակազմին, քաղքապետարանի սպորտի բաժնին այն աշխատանքի համար, որն իրականացվում է: Այո՛, նման բան վերջին ժամանակներում դեռ չէր եղել, որ 2 աշխարհի չեմպիոն գրանցվեր մեկ քաղաքից :

 

Իրականում մենք գիտենք խնդիրների մասին, դրանք պետք է լուծենք քայ առ քայլ՝ միանգամից հնարավոր չէ: Գիտեմ, որ խնդիրներ կան նաև մի շարք այլ մարզադպրոցներում, բայց այս պա հին առաջնային նպատակն է Գյումրու քաղաքապետարանի հունահռոմեկան ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգումը: Կարծում եմ՝ այդ հարցն արագ կլուծվի»,- նշեց նախարարը:

 

Հանդիպման ընթացքում քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը տեղեկացրեց, որ քաղաքում կան նաև մարզադպրոցներ, որտեղ անցկացվում են ոչ միայն հանրապետական, այլև միջազգային կարգի մրցումներ: «Այսօր Գյումրին սպորտի և մշակույթի քաղաք է: Ես՝ որպես քաղաքապետ, կանգնած եմ սպորտի ոլորտի կողքին և ամեն կերպ կաջակցեմ դրա զարգացմանը»,- ավելացրեց Սամվել Բալասանյանը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2015 թվականին մարզադպրոցների գույքային համալրման ծրագիրը, որի մեջ ընդգրկված են նաև Շիրակի մարզի մարզադպրոցները:

 

«Այցի շրջանակներում փորձում եմ գնահատել տեղի մրզադպրոցների վիճակը և հասկանալ, թե ինչ է պետք: Վստահեցնում եմ, որ 2015 թվականին մարզադպրոցների գույքային ծրագրում ընդգրկված են նաև Շիրակի այն մարզադպրոցները, որոնք հայտ ներկայացրել են»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Այցի ընթացքում նախարարը կհանդիպի նաև Շիրակի մարզպետի և մարզական ոլորտի ակտիվի հետ:

 

Արմենուհի Մխոյան