ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի առաջին կանգառը Սեւան քաղաքում էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արմինե Ղուկասյանը, նախարարին ուղեկցում էին նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի սպորտի որոլտի պատասխանատուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Սեւանում նախարար Գաբրիել Ղազարյանին դիմավորեցին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, քաղաքապետարանի եւ մարզաշխարհի ներկայացուցիչները, ում ուղեկցությամբ էլ շարունակվեց այցը, ծանոթությունը համայնքում առկա մարզական օջախներին:Նախարարը Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում ծանոթացավ ոչ միայն շենքային պայմաններին, այլ նաեւ հարց ու պատասխանի միջոցով ճշտեց մարզադպրոցում առկա խնդիրները, առա ջիկա ծրագրերը:
Մարզադպրոցի տնօրեն Վալերիկ Նիկողոսյանը խոսեց գրանցված մարզական հաջողությունների մասին, ներկայացրեց այն հիմնախնդիրները, որոնք օրակարգային են: Մարզադպրոցի համար թիվ 1 խնդիրը ջեռուցումն է. ձմռան ամիսներին պարապմունքների բնականոն անցկացումը վտանգվում է, ստեղծվում են հավելյալ հոգսեր: Նախարար Ղազարյանը եւ քաղաքապետ Ղուկասյանը ջեռուցման համակարգի տեղադրման ծրագրի վերաբերյալ ներկայացրին առաջարկներ, որոնք առաջիկայում կքննարկվեն նախարարությունում:
Սեպտեմբերին շահագործման հանձնված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակում աշխատանքային այցի մասնակիցները քննարկեցին մարզահրապարակը համապատասխան գույքով համալրելու, մարզական կյանքն աշխուժացնելու վերաբերյալ հարցեր: Բռնցքամարտի սրահում նախարարին եւ նրա ուղեկցողներին դիմավորեցին պատանի բռնցքամարտիկներն ու մարզիչները:
Վերջին տարիներին սեւանցի բռնցքամարտիկների հաջողությունները տեսանելի են եւ ոգեւորող, որոնց անդադարձավ վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանը: Սակայն հաջողությունների կողքին ակնհայտ են այն խնդիրները, որոնց առկայությամբ ընթանում են ամենօրյա պարապմունքներն ու մարզումները: Բռնցքամարտի սրահը կարիք ունի ջեռուցման համակարգի տեղադրման, գույքային համալրման, սանհանգույցի կառուցման:
Նախարար Ղազարյանը հանձնարարեց' ճշտել գույքի անհրաժեշտ պարագաները' դրանք առաջիկայում տրամադրելու համար: Քաղաքապետ Ղուկասյանն էլ, չնայած ամիսներ առաջ սրահի վերանորոգման համար արդեն իսկ տրամադրված ֆինանսական աջակցությանը, կրկին պատրաստակամություն հայտնեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել շենքային պայմանների բարելավման համար:Այցը շարունակվեց ըմբշամարտի եւ կարատեի սրահներ:
Այստեղ եւս զգացնել էին տալիս շենքային ոչ բարվոք պայմանները: Հատկապես ըմբշ ամարտի սրահում պարապմունքների համար պայմանները մտահոգիչ էին: Տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց սրահին տրամադրել համապատասխան գույք: Սեւանյան այցի վերջին կանգառը հանրապետական ենթակայության ջրային մարզաձևերի դպրոցն էր:
Մարզադպրոցն ունի լուրջ հեռանկարներ, զարգացման նախադրյալներ. ներկայումս անհրաժեշտ են ներդրումային ծրագրեր, որպեսզի ջրային մարզաձևերը դառնան գրավիչ հանրապետությունում, միաժամանակ արտերկրի մարզիկների համար դառնան պարապմունքների եւ մրցելույթների անցկացման ցանկալի վայր:
Նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը տե ղեկացրեց, որ առաջիկայում տեղի են ունենալու հանդիպումներ Ռուսաստանի և Վրաստանի գործընկերների հետ, նախատեսվում է հանդիպման ընթացքում ներկայացնել նաեւ Սեւանի ջրային մարզաձեւերի դպրոցի առկա վիճակը, զարգացման հնարավոր ուղղությունները: Նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային այցը շարունակվեց մարզի մյուս քաղաքային համայնքներում:
Խոսրով Խլղաթյան