ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Կոտայքի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ Կոտայքի մարզպետը և նախարարն այցելել են Եղվարդի մ անկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել հաստատության նոր կառուցված մասնաշենքի կահավորման և աշխատանքների մեկնարկային փուլի մանրամասներին:
Տեղում քննարկվել են նաև Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը նորակառույց շենքում արդյունավետ կերպով կազմակերպելու, Եղվարդ համայնքի ու տարածաշրջանի պատանիների մարզական դաստիարակությանը նպաստելուն վերաբերող հարցեր:
Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցում նախարարը ծանոթացել է մարզական հաստատության գործունեության հիմնական մոտեցումներին, մարզադպրոցի աշխատանքների հետագա բարելավմանը վերաբերող հարցեր:
Գաբրիել Ղազարյանն ու Կոտայքի մարզպետ Արամայիս Հարությունյանը եղել են նաև Աբովյանի շախմատի մարզադպրոցում, ծանոթացել Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի գործունեությանը:
Չարենցավան քաղաքում Կոտայքի մարզպետն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը քննարկել են մանկապատանեկան մարզադպրոցի շենքի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր, այնուհետև այցելել են քաղաքային մարզադաշտ:
Այցելության վերջին կանգառը եղել է մարզկենտրոն Հրազդանը: Կոտայքի մարզպետն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ծանոթացել են Հրազդանի քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատանքային առօրյային, այնուհետև այցելել Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մարզադպրոց: Մարզկենտրոնի սպորտային հաստատությունների ղեկավարների հետ ևս քննարկվել են ոլորտի զարգացման մի շարք ծրագրային գերակայություններ:
Նախարարի այցելությունն ամփոփվել է Կոտայքի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության շրջանակներում: Կոտայքի մարզպետն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը մարզպետարանում հանդիպում են ունեցել մարզի սպորտի բնագավառի պատասխանատուների, ինչպես նաև մարզիչների ու մարզիկների հետ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սպորտի շարունակական զարգացմանը, մարզական առօրյայում նորովի աշխուժության ապահովմանը, ինչպես նաև սպորտային հիմնարկների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված հարցեր:
Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները' Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը վերահաստատել է մարզաշխարհի ներկայացուցիչների կողքին լինելու իր պատրաստակամությունը և վստահեցրել, որ այսուհետ ևս նպաստելու է մարզի սպորտային ոլորտում դրական զարգացումների ապահովմանը:
Հանդիպման ավարտին մի շարք անվանի մարզիկների ու մարզիչների շնորհվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր: