ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը' Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ: Նախարարի կարծիքով, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացվի ՀԱՕԿ-ի կողմից, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց բնականոն շարունակական աշխատանքներն իրականացնել հայ մարզիկներին նշված խաղերին նախապատրաստելու ուղղությամբ: Նախարարը կարևոր է համարում, որ անձամբ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ: Նախարար Ղազարյանը գտնում է նաև, որ հայ մարզիկների չմասնակցելն այդ խաղերին հնարավոր է վնաս հասցներ ոչ միայն նրանց մարզական կենսագրությանն, այլ նաև Հայաստանի վարկանիշին' միջազգային մարզական ասպարեզներում: