Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Սեիդ Մուհամեդ Այաթոլլահին հայտարարել է, որ «չնայած Իրանը բազմիցս դիմել է Ադրբեջանին թմրանյութերի մաքսանենգության դեմ համատեղ պայքար տանելու հարցով, սակայն պաշտոնական Բաքուն դեռևս ոչ մի պատասխան չի տվել»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով bizimxeber.az լրատվական կայքը, իրանցի դիվանագետը այդ հայտարարությունն արել է ի պատասխան Վրաստանում Ադրբեջանից Թուրքիա մեկնող բեռնատարում մոտ 3 տ հերոինի հայտնաբերման հետ կապված Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջի կողմից հնչեցված այն մեղադրանքներին, թե Իրանը օգնում է իր տարածքով թմրանյութերի տարանցմանը:

 

Իրանցի դիվանագետը ափսոսանք է հայտնել, որ նման հայտարարություններով պաշտոնական Բաքուն փորձում է մոլորության մեջ գցել ընդհանուր կարծիքը և միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝ թմրանյութը Ադրբեջանից Վրաստան տարվելու հարցում:

 

Մուհամեդ Այաթոլլահին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում ամենահաջողած երկրներից մեկն է: «Մեր երկիրը բազմիցս կանխել է թմրանյութերը եվրոպական երկրներ փոխադրելը և այդ ճանապարհին բազմաթիվ նահատակներ է տվել: ԻԻՀ-ը մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը թմրանյութերի մաքսանենգության դեմ համատեղ պայքար տանելու համար, սակայն դեռևս ոչ մի պատասխան չի ստացել», -ասել է նա :

 

Իրանցի դիվանագետը հավելել է, որ Զահիդ Օրուջի կողմից այդ հարցում Իրանին մեղադրելու համար ԻԻՀ ԱԳՆ-ը նոտա է հղելու Ադրբեջանի արտգործնախարարությանը:

 

Ադրբեջանի խորհրդարանի անդամ Զահիդ Օրուջը «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի տարածքով Վրաստան անցկացված հարյուրավոր միլիոն դոլար արժողությամբ թմրանյութի տարանցման մեջ մեղադրել էր Իրանի պաշտոնական կառույցներին:

 

Թմրանյութերի դեմ պայքարում անգործության մատնված Ադրբեջանը ջանքեր է գործադրում Վրաստանում հայտնաբերված թմրանյութի խոշոր խմբաքանակի համար միջազգային հանրության մեղադրանքներն իրենից վանելու համար: Հուսահատ Բաքուն Իրանի հասցեին արած անհաջող մեղադրանքներից հետո հանդես է եկել զավեշտալի հայտարարությամբ, թե Վրաստանի հարկային ծառայությունը հայտնել է, որ իբր, «2 տ 790 կգ հերոինը Վրաստան է մուտք գործել ոչ թե Ադրբեջանի տարածքից, այլ՝ Հայաստանի»: