Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ինչպես մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, այստեղ ևս իրականացվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ, որի շրջանակում տվյալ տարածքներն ապահովվում են զրուցարաններով, նստարաններով, կահավորվում խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքերով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակներում, հետևել աշխատանքների ընթացքին: Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:

 

 

Բարեկարգվող բակերի հարակից շենքերի բնակիչները, օգտվելով առիթից, իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերը բարեկարգելու աշխատանքների ծավալները տարեցտարի ընդլայնելու համար՝ ընդգծելով, որ ծրագիրն իսկապես սպասված էր:

 

Տարոն Մարգարյանը բնակիչների հետ շրջել է բարեկարգվող բակերում, նաև լսել բակերի բարեկարգման հետ կապված նրանց առաջարկներն ու հենց տեղում պատասխանատուներին հանձնարարել է դրանք ներառել ծրագրում. «Մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է այս հարցում: Թե՛ այգիների և պուրակների կառուցման և թե՛ բակերի բարեկարգման աշխատանքներում մենք միշտ հաշվի ենք առնում մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները:

 

Ու հաճախ հենց տեղում, լսելով նրանց առաջարկները, որոշակի փոփոխություններ ենք իրականացնում նախագծերում, որպեսզի կատարած աշխատանքը նախ և առաջ լինի մեր բնակիչների սրտով ու լիարժեք ծառայի նրանց»,-նշել է Տարոն Մարգարյանը:

 

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Մինաս Ավետիսյանի անվան այգու հարակից տարածքում ընթացող ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ավարտական փուլին: Պատասխանատուները զեկուցել են, որ խաղադաշտը շուտով կհանձնվի ֆուտբոլասեր փոքրիկների տնօրինմանը:

 

Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթությունների շարքում առանձնակի կարևորված են նաև առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, որոնց համատեքստում էլ բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի ևս առանձնակի ուշադրություն է դարձվում ինչպես ֆուտբոլի նոր փոքր խաղադաշտերի կառուցմանը, այնպես էլ բակերը մարզագույքով կահավորելուն.

 

«Բակերի համալիր բարեկարգման կարևոր բաղադրիչներից մեկն էլ հասարակության շրջանում առողջ ապրելակերպը խթանելն է, որի նպատակով վերջին տարիներին մեր կողմից իրականացվող բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացնում ենք նաև որոշակի տարածքների մարզագույքով կահավորման աշխատանքներ:

 

Սրան զուգահեռ, ինչպես գիտեք, նաև մինի-ֆուտբոլի խաղադաշտեր են կառուցում մայրաքաղաքում: Մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն իսկ ունենք 5 խաղադաշտ, ևս մեկը շահագործման կհանձնենք այս տարի»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Անդրադառնալով բնակիչների կողմից բարձրացված բազմաբնակարան բնակելի շենքերում առկա խնդիրներին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցության շրջանակում բազմաբնակարաններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում:

 

Տարոն Մարգարյանն անդրադարձել է, մասնավորապես, շենքերի տանիքների ու մուտքերի վերանորոգման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործընթացն առաջիկա տարիներին ևս լինելու է շարունակական:

 

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև շինբարեկարգման 2014թ.-ի ծրագրի շրջանակում իրականացվող Պարույր Սևակի և Զաքարիա Սարկավագի փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

 

Մասնավորապես, Պարյուր Սևակի փողոցում ծրագրի շրջանակում ամբողջովին կհիմնանորոգվեն նաև մայթերը, կտեղադրվեն շուրջ 2600 գծամետր նոր եզրաքարեր: Զաքարիա Սարկավագի փողոցի հիմնանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի Սարկավագի փողոցի (Թբիլիսյան խճուղի-Պարույր Սևակ փողոցի խաչմերուկից մինչև Ռ ադիոկայմ) ասֆալտբետոնե ծածկը՝ շուրջ 41000 քմ:

 

Կտեղադրվի 7800 գծամետր նոր եզրաքար: Զուգահեռաբար 13800 քմ մայթեր կպատվեն ասֆալտբետոնե ծածկով: Փողոցին հարակից փլուզման վտանգ ներկայացնող հատվածներում էլ կկառուցվեն 360 գծամետր բետոնե հենապատեր: Նոր, երկաթբետոնե փակ ջրատարերով կփոխարինվեն ոռոգման ցանցի բաց առուները, ինչը կնպաստի նաև փողոցի անվտանգ երթևեկին: Ծրագրով նախատեսվում է նաև փողոցը կահավորել կանգառագոտիներով և հասարակական տրանսպորտի կանգառասրահներով: