ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ելույթ է ունեցել ՀՀ ԱՆ Նոտարական պալատի ընդհանուր ժողովին, որի ժամանակ բարձրաձայնել է համակարգում առկա մի շարք խնդիրների մասին: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեր համագումարը և մաղթում արդյունավետ աշխատանք: Թեև անցած տարիներին արձանագրվել են դրական տեղաշարժեր, սակայն ասել, որ մեր նոտարիատի վիճակը բարվոք է' ինքնախաբեություն կլինի: Առաջին ցուցանիշը ձեր աշխատանքից բնակչության բավարարված լինելն է: Նոտարական համակարգը հասարակության ամենահասանելի հանրային ծառայություններից մեկն է: Լինելով մասնավոր անձ՝ դուք մարդկանց ծառայություններ եք մատուցում, այդ թվում նաև՝ պետության կողմից պատվիրակված:
Կրկնում եմ, ծառայություններ եք մատուցում և պիտի բարի լինեք ծառայել մարդկանց, բնակչությանը ազնիվ, բարեհամբույր և բարձր պրոֆեսիոնալիզմով: Ձեր ծառայության առջև դրված են բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներ՝ ժողովրդի, նաև երկրի իշխանության կողմից: Կառավարության 2014թ. ծրագրով նախատեսվել է լիարժեք ներդնել նոտարիատում ինքնակառավարման համակարգ, էլեկտրոնային նոտարիատ, նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով' նշյալ ուղղություններով առաջիկա ամիսներին իրենք հանդես կգան համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով: «Բնականաբար, ճիշտ լուծումներ գտնելու տեսակետից՝ ձեր ակտիվությունը շատ կարևոր է: Դա ձեր ինքնակարգավորման և ինքնակառավարման մարմինների սուրբ գործն է, որն, իմ կարծիքով, պետք է էականորեն ակտիվացնել, հակառակ պարագայում' չեք լինի գնացքում. կլինեք գնացքի ետևից վազողների շարքում:
Նոտարական համակարգում, ինքներդ գիտեք, կան բազում խնդիրներ, այդ թվում' Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումն առաջնահերթություն է՝ նոտարական համակարգը պետք է իրավունք և հնարավորություն ունենա կանոնակարգելու, կառավարելու և գնահատելու համակարգը և ձեր գործունեության առանձին ուղղությունները:
Մեկ պատուհանի սկզբունքով նոտարական ծառայությունների լիարժեք ներդնում. մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը սկսվել է անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ կապի հաստատմամբ, այնուամենայնիվ, շատ քիչ թվով նոտարներ են միացել այս համակարգին, ինչը հրատապ լուծման ենթակա խնդիր է: Խնդիր է նաև այն, որ պիտի փորձենք լուծել նոտարի հասանելիությունները այլ անհրաժեշտ ռեեստրներին»,- փաստեց Հովհաննես Մանուկյանը:
Շարունակելով խնդիրների շարքը' նախարարը հաջորդ կարևորագույն խնդիրը համարեց նոտարական էթիկային վերաբերող հիմնահարցերը: «Նոտարը պետք է իր վարքով և ամենօրյա գործունեությամբ վստահություն ձևավորի իր անձի, աշխատանքի և ամբողջ նոտարական համակարգի նկատմամբ: Դա ապահովելու համար դուք պետք է ստեղծեք էթիկական վերահսկողության արդյունավետ համարգ: Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդնումը մեր առաջիկա համատեղ գործունեության ուղղություններից մեկն է լինելու: Սա կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը:
Նոտարի գույքային պատասխանատվության սահմանների հստակեցումն անհրաժեշտ է, որպեսզի նոտարի կողմից նոտարական գործողություններ իրականացնելու հետևանքով պատճառված վնասի հատուցումը երաշխավորված լինի: Կարևոր խնդիր եմ համարում Նոտարի կատարողական մակագրության ինսիտիտուտի ներդնումը: Բազմաթիվ խնդիրներ կան արձանագրված ժառանգությանն առնչվող գործարքներում: Անհրաժեշտ է լրջորեն մտածել գործընթացների պարզեցման և ավտոմատացման մասին:
Անհասկանալի իրավիճակ է տիրում նոտարների կողմից արխիվների վարման հարցերում: Պետք է մտածել Արխիվների վարման կարգի միասնականացման և դրանց հասանելիության մեխանիզմներ ներդնելու մասին: Նոտարների օպտիմալ ծանրաբեռնվածություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մտածել բնակչության քանակի վրա հիմնված տարածքային բաժանումից գործարքների ծավալի վրա հիմնված տարածքային բաժանման անցնելու նպատակահարմարության մասին:
Նոտարական գրասենյակներում հերթերի գոյացման կանխման և գրասենյակների ծանրաբեռնվածության համաչափ բաշխման նպատակով անհրաժեշտ է հերթերի կառավարման և հերթագրման արդյունավետ մեթոդներ ներդնել: Նման փորձ կա ծառայությունների մատուցման այլ ոլորտներում, այնպես որ մեծ բարդություն չի ներկայացնում համակարգի արագ ներդնումը:
Անհրաժեշտ է մտածել դատարանին ընդդատյա հարցերով՝ վեճերի բացակայության դեպքում, նոտարներին կոնկրետ ոլորտներում որոշումների կայացման հնարավորություն ընձեռելու մասին: Սա ոչ միայն առավել արդյունավետ կդարձնի այս գործառույթը, այլև հնարավորություն կտա նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը:
Մեր քննարկման դաշտում գտնվող կարևոր հարցերից մեկը նոտարական գործողությունների սակագների և նոտարների հարկման համակարգի արդյունավետության հարցերն են, որոնք կարծում եմ ունեն օպտիմալացման և վերանայման կարիք»,- ընդգծեց նախարարը:
Հովհաննես Մանուկյանի հավաստմամբ' թեև խնդիրները բարդ են, բազմաոլորտ և հաճախ ոչ հեշտ լուծելի, սակայն աշխատանքը լուծում է ցանկացած հարց: «Բացի այդ, դուք կունենաք իմ և նախարարության ամենօրյա աջակցությունը:
Սակայն ուզում եմ հատուկ արձանագրել մի կարևոր բան՝ աջակցություն և բարեհաճ վերաբերմունք կստանաք միայն այն պարագայում, երբ լրջորեն կաշխատեք իմ նախանշած ուղղություններով և կզգացվի, որ անում եք ամեն ինչ ձեր աշխատանքի որակը բարելավելու և բնակչության սպասարկման պատշաճ մակարդակ ապահովելու համար: Դուք այսօր առիթ կունենաք քննարկումներ անելու, հետևություններ, այդ թվում կազմակերպչական հետևություններ անելու:
Եվ անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի ստեղծեք ձեր համակարգում այնպիսի իրավիճակ, որ նման հետևություններ ստիպված չլինեմ անելու: Որպես վերջաբան ուզում եմ լավ հիշեք. ձեր գործունեության գնահատականի հիմնական ցուցիչը ինձ համար լինելու է ժողովրդի վերաբերմունքը նոտարական համակարգի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի վերաբերյալ»,- ասաց նախարարը: