Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նոտարական համակարգում դեռևս չլուծված շատ հարցեր է տեսնում, որոնց լուծման համար, օրենսրդրական փոփոխություններից բացի, կարևորում է նաև նոտարների աշխատանքը: Նոտարական պալատի ընդհանուր ժողովի ժամանակ արդարադատության նախարարը նշեց, որ անցած տարիներին նոտարական համակարգը բավականին լուրջ փոփոխություններ է կրել, սակայն եթե ներկա դրությունը համարեն օպտիմալ վիճակ, ապա կստացվի ինքնախաբեություն:

 

«Եթե յուրաքանչյուրդ արդար լինեք ձեր խղճի հանդեպ, կհասկանաք, որ շատ հարցեր դեռ լուծված չեն: Դրա հիմնական ցուցիչը ժողովրդի վերաբերմունքն է համակարգի և նոտարների նկատմամբ: Դուք կոչված եք ծառայություններ մատուցելու և պետք է պատրաստ լինենք ձեր ծառայությունը բարեխղճորեն կատարելու: Մենք առաջրկա ամիսներին հանդես կգանք օրենսդրական նախաձեռնություններով, և, բնականաբար, այստեղ ձեր յուրաքանչյուրի ակտիվությունը շատ կարևոր կլինի: Հակառակ դեպքում, դուք չեք լինի գնացքում, այլ կլինեն ք գնացքի հետևից վազողների շարքում»,- դիմելով նոտարներին' ասաց նախարարը:


Հովհաննես Մանուկյանը առանձնացրեց այն խնդիրները, որ նկատել է նոտարական համակարգում: «Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է գործունեության արդյունավետության բարձրացման համար: Նոտարական համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը ևս առաջիկայի կարևոր խնդիրներից է: Խնդիր է նաև այն, որ շատ արագ կարողանանք լուծել նոտարի հասանելիությունը անհրաժեշտ ռեեստրներում: Նոտարական էթիկայի հետ կապված հիմնահարցերը ևս կարևոր են, քանի որ յուրաքանչյուրը պետք է իր անձի և համակարգի նկատմամբ վստահության մթնոլորտ ստեղծի»,- նշեց նախարարը:

 

Նա կարևորեց էլեկտրոնային նոտարիատի ներդրումը, որը կբացառի փաստաթղթրի կեղծման հավանականությունը և կապահովի հաշվառման բարձր որակը: Մանուկյանը նաև անհրաժեշտ է համարում նոտարի գույքային սահմանների հստակեցումը, որպեսզի նոտարի կողմից գործունեության իրականացման հետևանքով պատճառված վնասի հատուցումը երաշխավորված լինի:

 

«Բազմաթիվ խնդիրներ են լինում կապված ժառանգության գործարքների հետ, պետք է մտածել այս գործընթացների պարզեցման և ավտոմատացման մասին: Նոտարների օպտիմալ ծանրաբեռնվածության խնդիրը ևս բավական երկար ժամանակ գոյություն ունի: Խնդրի լուծման տարբերակներից մեկն է բնակչության քանակի վրա հիմնված տարածքային բաժանումից գործարքների ծավալի վրա հիմնված տարածքային բաժանման անցնելը»,- նկատեց նա:

 

Անդրադառնալով նոտարական ծառայությունների սակագներին' նախարարը նշեց, որ ներկա սակագները օպտիմալ մակարդակում են, սակայն արդյունավետության բարձրացման խնդիր կա' կապված նոտարների հարկման հետ:

 

Ժողովի վերջում դիմելով նոտարներին' նա ասաց, որ համատեղ աշխատանքը կստացվի միայն այն պարագայում, երբ յուրաքանչյուրը կփորձի բարելավել իր աշխատանքի որակները: «Դուք կունենաք աջակցություն և բարեհաճ վերաբերմունք միայն այն պարագայում, երբ լրջորեն կաշխատեք այս ուղղություններով, և ես կզգամ, որ անում եք ամեն ինչ ձեր աշխատանքը բարելավելու համար»,- շեշտեց նախարարը: