Հայաստան գաղթած սիրիահայերի հիմնական մասը ցանկանում են ապրել Երեւանում, իսկ մարզերում' քչերը: Այդ եզակիների մեջ է սիրիահայ բժիշկ Հակոբ Աբրահամի Դամիրյանը:

 

«Ես շատ ուրախ եմ, որ հաստատվելու եմ Գավառում: Այստեղ ապրող հին ընկերներ ունեմ: Գավառում շատ ջերմ մթնոլորտ է, ինձ շատ լավ ընդունեցին, լավ մարդիկ են, շատ շնորհակալ եմ Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց սիրիահայ բժիշկը:

 

Հակոբ Դամիրյանի պապերը սերում են Սիրիայում բնակվող հին հայերից: Բժիշկն էլ ծնվել, մեծացել է Սիրիայում: 1984-1993 թվականներին եկել է Հայաստան, սովորել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, ավարտել օրդինատուրան եւ ստացել թերապեւտի, գաստրոէնտերոլոգի մասնագիտություն: Դամիրյանը Սիրիայում իր մասնագիտությանբ աշխատել է 21 տարի:

 

Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանի հավաստմամբ' Դամիրյանը հիվանդանոցում կաշխատի ոչ միայն թերապեւտի ու գաստրոէնտերոլոգի մասնագիտությամբ' մարսողական համակարգի, ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ, այլ նաեւ' շտապօգնության բժշկի մասնագիտությամբ:

 

Հակոբ Դամիրյանի 18-ամյա դուստրն ընտրել է հոր մասնագիտությունը եւ այս տարի ընդունվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան:

 

Բժիշկը ցանկություն եւ նպատակ ունի Գավառում հաստատվելու, սակայն աղջկա ուսման հետ կապված' ընտանիքն առայժմ կմնա Երեւանում:

 

Խոսրով Խլղաթյան