Գավառի բժշկական կենտրոնում 27–ամյա կին է մահացել։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում հաստատեց Գավառի ԲԿ-ի տնօրեն Աշոտ Կարապետյանը։
Նա ասաց, որ մահացած Հասմիկ Հարությունյանը 6-7 շաբաթական հղիություն է ունեցել․ «Կինը հիվանդանոց է դիմել որովայնի և աճուկային շրջանի ցավերով։ Նախքան բժիշկներին դիմելը՝ հղիությունն ընդհատելու նպատակով դեղորայք է օգտագործել, քանի որ 9 ամսական երեխա ուներ։ Հետազոտություններից հետո ախտորոշվել է սպառնացող վիժում, որոշվել է մաքրել և հեռացնել պտուղը։ Ընդհանուր ցավազրկումից կինը հրաժարվել է, տեղային ցավազրկում է ցանկացել։ Լիդոկային ներարկելուց անմիջապես հետո անաֆիլակտիկ շոկի՝ դեղորայքային սուր ալերգիկ ռեակցիայի մեջ է ընկել և գրանցվել է մահ»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, երբ մանկաբարձ–գինեկոլոկը հիվանդից հետաքրքրվել է՝ դեղորայքից ալերգիա ունի՞, թե ոչ, կինը բացասական պատասխան է տվել․ «Ցանկացածի մոտ էլ կարող է առաջանալ դեղորայքային թունավորում ցանկացած դեղորայքից»,–ասաց նա՝ նշելով, որ չի կարոծում, թե կինը մահացել է բժշկական սխալի հետևանքով։
ԲԿ-ի տնօրենի փոխանցմամբ՝ մահացածի հարազատների պահանջով կնոջ դին տեղափոխվել է Երևան՝ դատաբժշկական հետազոտության ենթարկելու նպատակով, որից հետո ամեն բան պարզ կդառնա։
Նշենք, որ ոստիկանությունից հայտնել են, որ մարտի 30–ին, ժամը 20։20–ին, Գավառի ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ մահացել է Գավառի Հացառատ թաղամասի բնակչուհի Հասմիկ Շիրազի Հարությունյանը։
Հավելենք, որ Հասմիկ Հարությունյանը 2 երեխա ուներ՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ 9 ամսական:
Սոնա Հարությունյան