Կապանի բժշկական կենտրոնում այսօր 26-ամյա ծննդկան է մահացել: Այս մասին տեղեկությունները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը.
«Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում Կապանի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել մի կին: Դեկտեմբերի 25-ին ժամը 12-ին հիվանդանոց ընդունված կինը ծննդաբերել է մահացած վիճակում գտնվող պտուղ, իսկ քիչ անց մահացել է նաև ինքը»,- ասաց նա՝ տեղեկացնելով նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Նշենք նաև, որ տեղեկություններ կան, թե դեպքից հետո Կապանի ԲԿ-ում միջադեպ է տեղի ունեցել բժիշկների և ծննդկանի հարազատների միջև։ Հարազատները ծեծել են բաժանմունքի վարիչին: Այս տեղեկությունները, սակայն, ոստիկանությունից չհաստատեցին՝ ուղղորդելով ՀՀ քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ դեպքի մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնեն:
Արմինե Եփրեմյան